23/06/2024 17:37
Երկխոսություն՝ երկրների միջև. Դիլիջանում երկրորդ անգամ անցկացվեց «Միմինո» հայ-վրացական փառատոնը
«Միմինո» հայ-վրացական մշակութային խոհանոցային փառատոնը հունիսի 22-ին խորհրդանշական վայրում՝ Դիլիջանում, իր շուրջ էր համախմբել հարյուրավոր մարդկանց, որոնք հնարավորություն ունեին քաղաքի կենտրոնում համտեսել համեղ ուտեստներ և ծանոթանալ պատրաստման եղանակներին:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանն ասաց՝ փառատոնի նպատակն է երկու երկրների մշակութային ժառանգությունը հանրության լայն շրջանակին ներկայացնելու միջոցով երկխոսություն ծավալել հարևան, բարեկամ ազգերի միջև, ինչպես նաև նպաստել զբոսաշրջության զարգացմանը:
«Ցանկանում ենք ցույց տալ երկու ազգերի մշակութային ժառանգության համադրելիությունը և դրանով նաև շահույթ ապահովել և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի համար: Իրականում երկու երկրների մշակույթների հետ կապված հարցեր կան, որոնք շահարկվում են ոչ կոմպետենտ շրջանակում, և մենք ուզում ենք մասնագետներով պարզաբանել որոշ հարցեր: Մասնագիտական շրջանակում հասկանում են, որ հնարավոր չէ հազարամյակներով ապրել կողք կողքի, հարաբերվել, շփվել, լինել բարեկամ և ինչ-որ բան չվերցնել իրարից կամ չտալ: Մեր միջև նմանությունները, ընդհանրությունները մեր ընդհանուր հարստությունն են»,- շեշտեց Մամուլյանը: