24/06/2024 22:22
«Կռիվ ա, ժամանակ չկա խոսելու, լավ մնացեք»․ Արցախի Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանի վերջին խոսքերն էին՝ ուղղված կնոջը ․․․
«Կռիվ ա, ժամանակ չկա խոսելու, լավ մնացեք»․․․ Սրանք Արցախի Մարտունի քաղաքի քաղաքապետ Ազնավուր Սաղյանի վերջին խոսքերն էին՝ ուղղված կնոջը․․․ Մարիամ Ավանեսյանն այսօր 3 մանկահասակ երեխաների ու ամուսնու մայրիկի հետ ապրում է Երեւանում։ Նոր կյանքին, նոր միջավայրին դեռ չի կարողանում ինտեգրվել։ Աշխատելու ուղղությամբ առայժմ չի մտածել, սակայն հասկանում է՝ առանց դրա հնարավոր չէ՝ երեխաներին ապահովել է պետք։
Մասնագիտությամբ մեթոդիստ է Մարիամ Ավանեսյանը, սակայն չի աշխատել․ «Ազնավուրը սիրում էր, երբ ես միշտ տանն էի լինում»,- ասում է նա։ Նպատակ ունի այնպիսի արհեստ յուրացնել, որը և՛ պահանջված կլինի, և՛ եկամտաբեր։
«Երեխաներս դեռ չեն ադապտացվել նոր միջավայրին, նոր իրողություններին։ Ապրելու համար, այո՛, միջոցներ են պետք, բայց առայժմ դժվարանում եմ ինչ-որ բան ձեռնարկել։ Ամեն ինչ այնքան անսպասելի տեղի ունեցավ, որ ուշքի գալու համար դեռևս ժամանակ է հարկավոր»,- ասում է քաղաքապետի այրին։
Մարիամ Ավանեսյանի համար կյանքը կանգ է առել 2023-ի սեպտեմբերի 19-ին։ «Չէի մտածում, որ այդ հեռախոսազրույցը վերջինը կլինի։ Վերջինը… Դաժան է հնչում։ 44-օրյա պատերազմի օրերին ամեն պահի վատ լուրի էի սպասում։ Պատերազմից հետո թվում էր՝ ամեն վատն արդեն անցյալում է։ Մարտունուց դուրս մեզ երբեք, ոչ մի պարագայում չէինք պատկերացնում»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է Մարտունու քաղաքապետի այրին։
44-օրյա պատերազմից հետո Ազնավուր Սաղյանն ընտրվեց Մարտունու քաղաքապետ և, կնոջ խոսքով, իրեն ամբողջությամբ նվիրեց պատերազմական գործողությունների հետևանքով ծանր վնասներ կրած ծննդավայրի վերականգնմանը։
«Բոլորիս նպատակն էր ապրեցնել ու ծաղկեցնել Արցախը։ Արցախցին իրեն հատուկ համառությամբ նորից սկսեց արարել` անտեսելով թշնամու բոլոր սպառնալիքները։ Մենք երազում էինք խաղաղության մասին, բայց խաղաղություն այդպես էլ չեղավ։ Փոխարենը եղավ բլոկադա։ Նոր դժվարություններ, նոր զրկանքներ, սով…»,- ասում է Մարիամ Ավանեսյանը։
«Ազնավուրն ու նրա նման հայրենասեր տղաներն իրենց կյանքով մեզ կյանք պարգևեցին։ Գոնե այդքան զոհողություններից հետո հնարավոր լիներ ապրել մեր պապենական հողում, որպեսզի մեր զավակները կարողանային քայլել այն արահետներով, որոնցով իրենց հայրիկն էր քայլել»,- ասում է Մարիամը ․․․
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում