25/06/2024 22:10
Արգանդի իջեցում կամ պրոլապս. Մանրամասնում է գինեկոլոգը
Կանանց շրջանում տարածված խնդիրներից մեկի՝ արգանդի իջեցման պատճառների ու հնարավոր բարդությունների մասին Aysor.am-ը զրուցել է գինեկոլոգ Գայանե Մկոյանի հետ։
- Բժշկուհի, ի՞նչ է արգանդի իջեցումը կամ արտանկումը և ո՞ր գործոնների ազդեցությամբ է տեղի ունենում։
- Արգանդի իջեցումը կամ արտանկումը տեղի է ունենում կապանային ապարատի և ֆասցիաների թուլացման հետևանքով:
Արգանդի և հեշտոցի իջեցման, արտանկման հիմնական պատճառներ են՝
ծանր ֆիզիկական աշխատանքը,
դժվար ծննդաբերությունը,
հյուսվածքների ատրոֆիան տարեցների մոտ,
Մենոպաուզալ շրջանում նաև մեծ դեր ունի էսթրոգենների անբավարարությունը։
- Ի՞նչ ախտանշաններով է բուժառուն դիմում բժշկին։
- Նախնական գանգատներն են՝ անմիզապահություն, աղիների գործունեության խանգարումներ, ցավեր որովայնի շրջանում, անհարմարություն սեռական հարաբերությունների ժամանակ:
- Ինչպե՞ս է կատարվում տվյալ խնդրի ախտորոշումը։
- Հեշտոցի պատերի և արգանդի իջեցման խնդիրը հայտնաբերվում է գինեկոլոգիական հետազոտության ընթացքում։
- Որո՞նք են բուժման եղանակները։
- Ոչ շատ բարդ դեպքերում կիրառվում է ոչ վիրահատական բուժում: Հեշտոցի պատերի և արգանդի իջեցման առավել բարդ դեպքերում բուժումն իրականացվում է վիրահատական եղանակով: Հաճախ կիրառվում են նաև օղակներ և պեսարիաներ, որոնք կրում են ժամանակավոր բնույթ:
- Ինչպե՞ս կանխարգելել խնդրի առաջացումն ու խուսափել բարդություններից։
- Եթե կատարվում է պլաստիկ միջամտություն, ցանկալի է, որ կինը ծննդաբերի կեսարյան հատման միջոցով:
Սիրելի կանայք բարդություններից խուսափելու համար մի հետաձգեք բժշկի այցելությունը
Եղե՛ք առողջ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն