25/06/2024 18:13
Spiegel, El País, La Repubblica, Le Monde, Politico ..․ եվրոպական 81 լրատվամիջոցներ արգելվեցին Ռուսաստանում
Ռուսաստանը սահմանափակում է ԵՄ երկրների 81 լրատվամիջոցների հեռարձակումը իր երկրի տարածքում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարությունը։
Նշվում է, որ սա արվում է՝ ի պատասխան ԵՄ խորհրդի մայիսի 17-ին ընդունված և հունիսի 25-ից ուժի մեջ մտնող որոշման, որով արգելվում է ռուսական երեք լրատվամիջոցների («ՌԻԱ Նովոստի», «Իզվեստիա», «Ռոսիյսկայա գազետա») հեռարձակումը ԵՄ տարածքում։ Ռուսաստանը, որպես պատասխան քայլ, սահմանափակել է իր տարածքում Եվրամիության անդամ երկրների մի շարք լրատվամիջոցների հասանելիությունը՝ նշելով, որ դրանք խեղաթյուրված տեղեկատվություն են տարածում հատուկ ռազմական գործողության մասին։
Արտասահմանյան արգելված լրատվամիջոցների թվում են գերմանական Spiegel-ը, Zeit-ը, Frankfurter Allgemeine Zeitung-ը, իսպանական El País-ը, իտալական La Stampa-ն, La Repubblica-ն, ֆրանսիական Le Monde-ը, Liberation-ը, համաեվրոպական Politico-ն, Euobserver-ը։
ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ Մոսկվան կվերանայի սահմանափակումները, եթե Բրյուսելը չեղարկի ռուսական լրատվամիջոցների դեմ սահմանված պատժամիջոցները։