25/06/2024 14:53
Եթե նման հարցադրումներով հանդես գաք, Բագրա՛տ Սրբազան, ապա Ձեզ ոչ մեկ չի համարի «бунтарь». Խոսրով Հարությունյան
Եթե նման հարցադրումներով հանդես գաք, Բագրա՛տ Սրբազան, ապա Ձեզ ոչ մեկ չի համարի «бунтарь» և ոչ մեկ իրեն իրավունք չի վերապահի ասելու՝ ցուցարարնե՛ր, ձեզ զուսպ պահեք՝ այն դեպքում, երբ իշխանությունը նռնակներ էր նետում ցուցարարների վրա. Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։
Իսկ հարցադրումը, ըստ Հարությունյանի, այն է, որ շարժումը կանգնած է քաղաքական բովանդակություն ներկայացնելու փուլում։
«Այս շարժումը՝ Սրբազան շարժում կասեք, թե Ազգային ազատագրական, այլևս պետք է ստանա իր քաղաքական բաղադրիչը։ Պետք է սեղանին դրվեն այն քաղաքական հարցադրումները, որոնք կարող են տարածաշրջանում խաղաղ գործընթացն անշրջելի դարձնել միջազգային իրավունքի հիման վրա և մարդկային կապիտալն օգտագործելու միջոցով»,-ասաց նա։
Խոսրով Հարությունյանը նշեց, որ շարժման լիդերները՝ սկսած Սրբազանից, պետք է գիտակցեն, որ խնդիրն այդքան իշխանությունների հետ չէ, որքան այս իշխանություններին հովանավորողների։
«Հետևաբար, մենք պետք է բանավիճենք ոչ թե Փաշինյանի, այլ Բլինքենի, Շառլ Միշելի, Ֆոն դեր Լեյենի և մյուսների հետ, այսինքն՝ բոլոր նրանց հետ, ովքեր փորձում են հովանավորել և կործանարար սպառնալքիներ ձևավորել մեր պետականության համար։ Պետք է գիտակցեն, որ մեր օպոնենտը Փաշինյանը չէ, քաղաքական օպոնենտներն այնտեղ են՝ դրսում, որտեղ որոշումներ են իրականացվում, իսկ Փաշինյանն ընդամենն այդ որոշումները կատարողն է»,-ասաց նա։