25/06/2024 16:37
Լուսաձայնային նռնակի կիրառման հետևանքով դաստակը կորցրած Եսայի Քարամյանին երկրորդ անգամ կվիրահատեն․ Նրան վերջապես տուժող են ճանաչել
Հունիսի 12-ին ոստիկանության կողմից խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ լուսաձայնային նռնակի կիրառման հետևանքով դաստակը կորցրած Եսայի Քարամյանին երկրորդ անգամ կվիրահատեն, վիրահատությունը վաղն են անելու։ Այդ մասին հայտնել է նրա կինը՝ Նաիրա Սահակյանը։
«Սիրելի ընկերներ, հարազատներ ու դեպքով հետաքրքրված մարդիկ,
Ուզում եմ տեղեկացնել, որ Եսայու երկրորդ վիրահատությունը վաղն է լինելու։ Հավատում ենք` հաջող կընթանա։ Հիմնական գործը աջ ձեռքի մնացած հատվածի վրա է լինելու, բայց գործեր կան նաև ձախ ձեռքի և կրծքավանդակի որոշ բեկորային վնասվածների վրա։
Միևնույն ժամանակ ուզում եմ տեղեկացնել, որ քիչ առաջ մեր փաստաբան Մ. Եսայանը Քննչական կոմիտեից գրություն է ստացել, որը հաստատում է Եսայու` տուժող ճանաչվելը»,- գրել է նա։