25/06/2024 13:44
Սին ու կույր են Սրբազան շարժումը մարելու վերաբերյալ տեսակետները. Դավիթ Անանյան
Հունիսի 23-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած հանդիպումը նշանավորվեց Բագրատ Սրբազանի խորիմաստ ելույթով, որի հիմնական ուղերձը արդի քաղաքական իրականության մեջ ազգային պայքարի հիմքերը վերաիմաստավորելու անհրաժեշտության մատնանշումն էր, այս մասին գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
«Սրբազանը հայտարարեց, որ այս պայքարը ազգային-ազատագրական պայքար է։ Միաժամանակ, նա բարձրացրեց ազգային-ազատագրական պայքարը ներքաղաքական դինամիկայի շրջանակներում ընկալելու բարդության հարցը՝ կենտրոնանալով հանրային գիտակցության աչքում նման գործընթացներին ուղեկցող հակասական ընկալումների վրա։ Հատկապես ուշագրավ է նրա հայտարարությունն այն մասին, որ քանի որ այս պայքարի էությունը՝ իր ավանդական իմաստով քաղաքական չէ, այլ ազգային-ազատագրական է, հետևաբար, չպետք է այն վարել (կամ սահմանափակվել դրա վարման) բացառապես քաղաքական մեթոդներով, եղանակներով և գործիքներով։
Սրբազանն, ըստ էության, վերաիմաստավորեց այս պայքարի շրջանակն ու միջոցները՝ կարևորելով արժեքային հարթությունը։ Նա առաջ քաշեց այն գաղափարը, ըստ որի, հիմնարար արժեքներին դիմելու, համատեղ համերաշխության և խորը հոգևոր կապերի միջոցով է կարելի հասնել քաղաքական փոփոխությունների։ Այս մոտեցումը ներառում է անմիջական, անձնական շփումների ակտիվացում, հանդիպումների և երկխոսությունների կազմակերպում, ինչը կնպաստի հասարակության մեջ կապերի ամրապնդմանը և համախոհների միասնական ցանցի ձևավորմանը:
Այս ռազմավարության իրականացման առանցքային օղակը Բագրատ Սրբազանի՝ մարզային այցելություններն են՝ բնակչության հետ անմիջական շփումը, ամենահիմնական մակարդակով փոխգործակցությունն ակտիվացնելու նպատակով։ Դա արվելու է մարդկանց «տնից դուրս հանելու», այսինքն՝ նրանց գործունեությունը մոբիլիզացնելու, սեփական ճակատագրի տերը դառնալու ցանկություն արթնացնելու նպատակով, ինչը լիովին համահունչ է ազգային-ազատագրական պայքարի ոգուն ու խնդիրներին։
Սրբազանի համոզմունքով փոխգործակցության հենց այս ձևն է, որ կարող է հիմք դառնալ ողջ Հայաստանի աշխուժացմանը՝ արթնացնելով նրան ակտիվ դերակատարություն ստանձնելու՝ ինքնորոշմանն ուղղված գործընթացներում։ Այս առումով նրա նախաձեռնությունը դուրս է գալիս ավանդական քաղաքական պրակտիկայի սահմաններից՝ առաջարկելով ավելի խորը և համապարփակ մոտեցում՝ ազգային միասնության և ինքնության հարցերին:
Այսպիսով, Սրբազանի առաջարկը ազգային-ազատագրական պայքարի մի նոր պարադիգմ է, որտեղ արժեքները, հոգևոր ժառանգությունը և ժողովրդական համերաշխությունը առաջատար դեր են խաղում, իսկ քաղաքական փոփոխությունները դիտվում են որպես քաղաքացիական ակտիվացման և միասնականության տրամաբանական հետևանք։
Սին ու կույր են Սրբազան շարժումը մարելու վերաբերյալ տեսակետները»,- Facebook-ում գրել է Անանյանը։