25/06/2024 09:42
«Ժողովուրդ». Ի վերջո ի՞նչ է սպասվում սահմանազատման արդյունքում, ո՞ւր է գնում Հայաստանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քաղաքական ժողովի ժամանակ ՔՊ-ականները սպառիչ պատասխաններ այդպես էլ չեն ստացել Նիկոլ Փաշինյանից: Ինչպես արդեն հայտնել էինք, շաբաթ օրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Հանքավանում, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հավաք է անցկացրել՝ քաղաքական ժողով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ժողովը առավոտյան 10:00-ից մինչև երեկոյան 17:00-ն է տևել: Հիմնականում Նիկոլ Փաշինյանը երկար «դասախոսություն» է կարդացել իր հռչակած իրական ու պատմական hայաստանների մասին: Ըստ էության՝ Փաշինյանի խոսքում ՔՊ-ականները որևէ նոր բան չեն լսել, իսկ նրանց հարցերն այդպես էլ հստակ պատասխաններ չեն ստացել:
Փաշինյանը որևէ հստակեցում չի արել՝ ի վերջո ինչ է սպասվում սահմանազատման արդյունքում, ուր է գնում Հայաստանը, վերջին օրերին ԵՄ անդամակցության հարցը որքանով է իրատեսական: Ավելին՝ այլևս անթաքույց հայտարարել է՝ որևէ երաշխիք չկա, որ սահմանազատումից կամ մյուս պահանջների կատարումից հետո Ադրբեջանը վերջնական խաղաղության կգնա ու այլևս սադրանքների չի դիմի: Այս խնդիրների վերաբերյալ բոլոր հարցերին անորոշ ու հռետորական պատասխաններ է տվել:
Քաղաքական ժողովի ժամանակ խոսվել է նաև «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին, Փաշինյանն էլ իր թիմակիցներին «ավետել» է, որ այլևս իրենց իշխանությանը վտանգ չի սպառնում, ուստի կարող են շարունակել հանգիստ զբաղվել կուսակցական գործերով:
Ի դեպ, տեղեկացանք նաև, որ եթե, սովորաբար, քաղաքական նախորդ ժողովների ժամանակ ՔՊ-ականները մի ամբողջ օր հանգստի էին նվիրում, ապա այս անգամ կուսակցական ժողովն արել են ու նույն օրը վերադարձել»։