26/06/2024 14:54
Ալեն Սիմոնյանը խնդրել է Դաիգա Միերինյայի աջակցությունն՝ Ադրբեջանում պահվող հայ գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում
Լատվիայի Հանրապետության Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռիգայում է:
Պատվիրակությունը, որի կազմում են նաեւ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, անդամներ Էդուարդ Աղաջանյանը եւ Մարիա Կարապետյանը, հունիսի 26-ին հանդիպում է ունեցել Դաիգա Միերինյայի հետ:
Երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերից բացի քննարկումների առանցքում են եղել ՀՀ-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաեւ Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանն ընդգծել է Լատվիայի՝ թե՛ որպես երկկողմ գործընկերոջ եւ թե՛ որպես ԵՄ անդամի հետ հարաբերությունների զարգացման կարեւորությունը:
Խոսելով միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման մասին՝ ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի միջեւ կապերի ակտիվացման հարցը՝ առաջարկելով համագործակցություն նախաձեռնել երկու խորհրդարանների մշտական հանձնաժողովների միջեւ, ինչպես նաեւ «Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ» (NB8) ձեւաչափի շրջանակում:
Ալեն Սիմոնյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ խնդրել վերջինիս աջակցությունն Ադրբեջանում պահվող հայ գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում:
ՀՀ ԱԺ պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ալեն Սիմոնյանը Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյային հրավիրել է այցելել Հայաստանի Հանրապետություն:
Հանդիպումից հետո գործընկերները հանդես են եկել համատեղ մամուլի հայտարարությամբ: