26/06/2024 19:08
Ոստիկանների կողմից խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ լուսաձայնային նռնակներ կիրառելու հետևանքով ձեռքերի լուրջ վնասվածքներ ստացած քաղաքացուն երկրորդ անգամ են վիրահատել, մարմնից ևս մեկ բեկոր են հանել
Հունիսի 12-ին ոստիկանների կողմից խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ լուսաձայնային նռնակներ կիրառելու հետևանքով աջ ձեռքի մատերը կորցրած, ձախ ձեռքի լուրջ վնասվածք ստացած Եսայի Քարամյանին երկրորդ անգամ են վիրահատել։ Քարամյանի կինը մանրամասներ է հայտնել ամուսնու առողջական վիճակի մասին։
«Եսայու երկրորդ վիրահատությունը ավարտվել է։ Արդեն արթնացել է և սենյակում է։
Ինչպես և ասել էի հիմնական գործը աջ ձեռքի վրա է եղել։ Ցուցամատի արմատային հատվածը, որը բժիշկները շյուղով հավաքել էին և փորձում էին փրկել, ցավոք, կենսունակ չէր․ հեռացրել են։ Հեռացրել են նաև մեռուկացած որոշ հատվածներ։ Այս աջ ձեռքի վրա կա բաց վերք, որը որոշ ժամանակ անց կարիք է լինելու պլաստիկ վիրատահությամբ փակել։ Մաշկի փոխպատվաստում է լինելու՝ ամենայն հավանականությամբ։
Կրծքավանդակից այսօր հեռացրել են ևս մեկ բեկոր։ Այս հատվածի մյուս վերքերը արագ են լավանում։
Վիճակը կայուն է, մենք՝ պինդ»։