26/06/2024 11:39
Ճիշտ չէ գերիների հարցը փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հետ, բայց խաղաղության հաստատումը պետք է լինի նաև գերիների վերադարձով. Արմեն Գրիգորյան
Բոլոր գերիների վերադարձը միշտ եղել է Հայաստանի օրակարգում, այս մասին լրագրողներին ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Մենք միշտ քննարկել ենք՝ լինի Ադրբեջանի, թե միջազգային գործընկերների հետ։ Այս ուղղությամբ մենք ինտենսիվ աշխատանք ենք տանում», - նշեց նա։
ԱԽ քարտուղարի խոսքով՝ աշխատանքները շարունակվում են, որ բոլոր գերիները վերադառնան։
«Ես գտնում եմ, որ ճիշտ չէ այս հարցը փոխկապակցել խաղաղության պայմանագրի հետ, որովհետև, մեր կարծիքով, նրանք հնարավորինս շուտ պետք է վերադառնան Հայաստան, ճիշտ կլինի, որ մենք շարունակենք աշխատել այդ ուղղությամբ, որ նրանք հնարավորինս շուտ վերադառնան Հայաստան։ Խաղաղության հաստատում նաև նշանակում է ազատել գերիներին։ Մենք պետք է աշխատենք, որ խաղաղության հաստատումը համապարփակ լինի, լինի բոլոր ուղղություններով ու խաղաղության հաստատումը լինի նաև գերիների վերադարձով», - հավելեց Գրիգորյանը։