26/06/2024 11:25
Մինչև այսօր էլ ՌԴ-ն ամբողջությամբ չի մատակարարել զենք-զինամթերքը. ՀՀ-ից բարձրաստիճան պաշտոնյայի ժամանակին ասվել է՝ եթե ՌԴ-ն մեզ զենք մատակարարի՝ դիրքորոշումները կոշտանալու են. Արմեն Գրիգորյան
Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը 96 տոկոսից իջել է 10 տոկոսից էլ քիչ, այս մասին լրագրողներին ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Սա, ըստ նրա, եղել է Ռուսաստանի ընտրությունը։
«Ռուսաստանն է որոշել չմատակարարել զենք-զինամթերքը, մինչև այսօր էլ ամբողջությամբ չեն մատակարարել։ Երբ նրանք պարբերաբար բողոքում են, որ Հայաստանն այլ երկրներից զենք է գնում, չեն շարունակում մատակարարել այն պայմանագրերը, որոնք կնքվել են 2021 թվականին կամ 2022 թվականին»,- ասաց նա։
Թե ինչպես են զարգանալու Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններն անվտանգային ոլորտում՝ ԱԽ քարտուղարն ասաց՝ դա կախված է, թե Ռուսաստանն ինչպես կարձագանքի այն բոլոր խնդիրներին, որոնք գոյություն ունեն։
Հարցին՝ ինչո՞վ են հիմնավորում մատակարարումներ չիրականացնելը՝ նա ասաց, որ Հայաստանը բացատրություններ է լսել, որ հիմնական պատճառը Ուկրաինայի հետ պատերազմն է։
«Բայց նաև պայմանագրեր կան, որ 2021 թվականին են կնքվել։ Ես չեմ ուզում անուն տալ, բայց ուզում եմ ասել, որ Հայաստանից բարձրաստիճան մեկ պաշտոնյայի ժամանակին ասվել է՝ եթե Ռուսաստանը մեզ մատակարարի զենք-զինամթերք՝ մեր դիրքորոշումները կոշտանալու են, նաև դա է պատճառը, որ չեն մատակարարում»,- հայտարարեց ԱԽ քարտուղարը։