26/06/2024 18:12
Տնտեսվարողներին շուտով կպարտադրեն իրենց տարածքներում տեղադրել 24/7 ռեժիմով տեսանկարահանող և տեսագրությունն առնվազն 15 օր պահող բարձր որակի տեսահսկման համակարգեր
ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանն այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ներկայացրել է նոր օրենսդրական նախաձեռնություն՝ տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու մասին։
ՆԳՆ-ից մանրամասնում են․
ՆԳՆ օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է հանրային անվտանգության ապահովման շրջանակներում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու իրավական կարգավորմանը։ Մասնավորապես.
• Տնտեսվարողները կպարտավորվեն շինության մուտքը և բոլոր կողմերն ապահովել բարձր որակի տեսահսկման համակարգերով՝ 24/7 ռեժիմով տեսանկարահանելու և տեսագրությունն առնվազն 15 օր պահելու հնարավորությամբ։
«Տնտեսավարողների շրջանակի ընտրությունը կապված է «Խելացի քաղաքի» կոնցեպտի հետ։ Ուրբանիզացիայի մակարդակի աճին զուգահեռ՝ սկսեց կիրառվել այս մոդելը, որի գլխավոր նպատակը հանրության կյանքի որակի բարելավումն է»,-ընդգծել է Մարանդյանը։
• Տնտեսվարողների համար նախատեսվում է պարտավորություն՝ շինության տարածքը այնպես կահավորել տեսահսկման համակարգերով, որպեսզի շինության մուտքը (մուտքերը), ինչպես նաև 2 մետր լայնությամբ հատվածը պարտադիր ընդգրկվեն տեսահսկվող տիրույթում։
• Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տնտեսվարողներին տրվում է 1 տարի ժամկետ, որպեսզի կարողանան իրենց շինությունը կահավորել համապատասխան տեսահսկման համակարգերով։ Ընդ որում, օրենքը ուժի մեջ կմտնի Կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու օրը, որը նախատեսվում է ընդունել օրենքի պաշտոնական հրապարակումից հետո 18-ամսյա ժամկետում։
«Նախագծի հավելյալ արդյունքը և արժեքը բարձր է լինելու։ Մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքին անհամաչափ որևէ միջամտության մասին խոսք լինել չի կարող։ Օրենսդրական կարգավորումը նախաձեռնելիս ուսումնասիրվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փորձը»,-նշել է Ռուսլան Մարանդյանը։
Մարանդյանի խոսքով՝ որևէ անձ ՆԳՆ-ին չի հետաքրքրելու, քանի դեռ օպերատիվ հետաքրքրություն չի ներկայացնում, ինչպես նաև տվյալները չեն կարող փոխանցվել երրորդ անձանց։
«Տեսահսկման համակարգերի միջոցով տվյալների մշակում ՆԳՆ-ի կողմից կարող է իրականացվել իրավախախտումների կանխման, նախականխման և բացահայտման համար, քննությունից կամ պատիժը կրելուց խուսափող անձանց և հանցավոր ճանապարհով գույքի հայտնաբերման համար, անհետ կորած քաղաքացիների և հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերման համար, ինչպես նաև հասարակական կարգի պահպանության ու անվտանգության ապահովման համար»,- նշել է նա և հստակեցրել՝ այլ դեպքերում այս եղանակով տվյալների ստացումը համարվելու է իրավախախտում»։