26/06/2024 22:42
«Խնդիրը միայն մեծ պոպուլիստը չէ, ով վերածվում է փոքր բռնապետի. Խնդիրն այն է, որ դուք բոլորդ գիտեք այս դեպքերի մասին»․ Հայկ Մամիջանյանը ԵԽԽՎ պատգամավորներին հիշեցրել է Հայաստանում բռնարարքների մասին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ելույթի տեքստը՝ ԵԽԽՎ լիագումար նիստում քննարկվող «Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների և պարտականությունների կատարման» զեկույցի վերաբերյալ․
«Հարգելի գործընկերներ,
Այս զեկույցի վերաբերյալ պետք է երկու կարևոր արձանագրում անել։ Մի կողմից զեկուցողներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, հայերի էթնիկ զտումներին և ռազմագերիներին վերաբերող բազմաթիվ կարևոր դրույթներին։ Վերջիններս նաև մեր կողքին էին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի ժամանակ, ինչի համար ես իմ շնորհակալությունն եմ հայտնում թե' որպես հայ և թե' որպես ԵԽԽՎ հայ պատվիրակության ընդդիմադիր անդամ։ Բաքվի բանտերում որպես պանտանդ պահվող ռազմագերիների, քաղաքական և ռազմական ղեկավարության ընտանիքների և ողջ հայության համար չափազանց կարևոր է, որպեսզի Եվրոպայի խորհուրդն Ադրբեջանի դեմ գործի դնի իր ազդեցության բոլոր լծակները՝ վերջիններիս ազատ արձակումն ապահովելու համար։
Սակայն մյուս կողմից, ի՞նչ պետք է ասեմ Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի ու Մամիկոն Ասլանյանի հարազատներին, ովքեր համապատասխանաբար ավելի քան մեկ տարի, շուրջ մեկ տարի և շուրջ 3 տարի բանտում են։ Միթե՞ ես պետք է նրանց համար ընթերցեմ «ժողովրդավարական զարգացմանն ուղղված շարունակական նվիրվածության» մասին զեկույցի հատվածը։
Ի՞նչ պետք է ասեմ Եսայի Քարամյանին, ով անդամահատվել է, կամ մյուս հարյուրավոր քաղաքացիներին, ովքեր տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել այս տարվա հունիսի 12-ին ոստիկանության կողմից բողոքի ակցիաների ժամանակ կիրառված լուսաձայնային նռնակներից։ Ո'չ մեկ, ո'չ երկու, այլ ավելի քան 20 կիրառված լուսաձայնային նռնակ։ Միթե՞ ես պետք է նրանց ասեմ, որ զեկույցն արդեն իսկ գրված էր, և դուք հնարավորություն չեք ունեցել այն վերաշարադրելու։
Ի՞նչ պետք է ասեմ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին, ովքեր երկու ամիս բանտարկված էին բացառապես ինտերնետ փոդքասթ վարելու համար։ Կամ ի՞նչ ասեմ Ժորա Ավետիսյանին և տասնյակ այլ քաղբանտարկյալներին, ովքեր շաբաթներ ու ամիսներ են անցկացրել բանտում միայն այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն է այդպես ցանկացել։ Բացատրե՞մ նրանց, որ Եվրոպայի աշխարհաքաղաքական շահերն ավելի կարևոր են, քան մարդու իրավունքները։
Եվ ի՞նչ պետք է ասեմ Սամվել Վարդանյանին, ում ձեռնաշղթաներով ոստիկանական մեքենայով կալանավայր տեղափոխելիս ուղեկցող ոստիկանները ճանապարհին մեքենան կանգնեցրել են ու իջել։ Ոստիկանների՝ մեքենայից իջնելուց անմիջապես հետո մի խումբ դիմակավորված անձինք դուրս են քաշել Սամվել Վարդանյանին, նրան տապալել գետնին, հայհոյել, սպառնացել, ծեծել, խոշտանգել, ապա հետ գցել ոստիկանական մեքենա։ Պե՞տք է ասեմ, որ եվրոպական կառույցները կարծում են, որ սա ժողովրդավարական երկրների նոր իրականությունն է։
Խնդիրը միայն մեծ պոպուլիստը չէ, ով վերածվում է փոքր բռնապետի. ես նկատի ունեմ Փաշինյանին։ Խնդիրն այն է, որ դուք բոլորդ գիտեք այս դեպքերի մասին։ Ես՝ ընդդիմադիր մյուս պատգամավորների հետ միասին, ձեզ ու միջազգային այլ կառույցներին ուղարկել եմ տասնյակից ավել նամակներ ու զեկույցներ։
Միակ բանը, որ կարող եմ ասել՝ սպասենք, մինչև Փաշինյանը սպառի իրեն տրված բռնության և դատական անիրավչության քարտ բլանշը կամ սպասենք, մինչև արժեքները դադարեն այդքան ճկուն լինել։ Մենք՝ հայերս, մեր քարերի պես ամուր ենք։ Մենք կդիմանանք։ Սա էլ կանցնի...»։