27/06/2024 16:24
Գառնիի գյուղապետը 2007 թվականին համայնքին պատճառել էր ավելի քան 29 միլիոն դրամի վնաս
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկությունն իրացրին Կոտայքի բաժնի գործընկերների հետ:
Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ կատարվել էր հետևյալը․
կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ «Գալակտիկա» ՓԲ ընկերությանը պատկանող հողամասից Գառնիի գյուղական համայնքին անհատույց տրամադրվել էր 4141 հեկտար տարածք. հայտնում են Ոստիկանությունից։
Այս գործարքից հետո Գառնիի գյուղապետարան են այցելել բարձրաստիճան պաշտնյայի մտերիմ ազգական ներկայացած մի անձ և Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության և զարգացման վարչության պետի տեղակալը ու համայնքի ղեկավարից պահանջել հիշյալ հողամասից 1,5 հեկտար տարածք հատկացնել իրենց:
Բարձրաստիճան անձանց հրահանգը կատարելու նպատակով Գառնի գյուղի համայնքապետը, օրինական հիմքերի բացակայության պայմաններում, 2007 թվականի հունվարի 19-ի թվագրմամբ կազմել և ստորագրել է գոյություն չունեցող պաշտոնական փաստաթղթի քաղվածք, ապա խախտելով «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի պահանջները՝ առանց կազմակերպելու հրապարակային աճուրդ նույն թվականի օգոստոսի 10-ին հաստատել է արձանագրություններ, իսկ օգոստոսի 21-ի պայմանագրերով հիշյալ անձանց և նրանց փոխկապակցված ևս մեկ անձի, ընդամենը 315 հազար դրամով, օտարել է 1,5 հեկտար հողամասը, այն դեպքում, երբ դրա շուկայական արժեքը 30 միլիոն դրամ էր: Այս կերպ ծառայողական լիազորություններն օգտագործելով` համայնքի ղեկավարը համայնքի օրինական շահերին պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Առերևույթ հանցանքի մասին կազմված փաստաթղթերն ուղարկվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն: Քրեական օրենսգրքի 445-րդ և 283-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: