27/06/2024 15:41
«Հայփոստի» շենքը և հարակից տարածքները գերակա շահ ճանաչվեցին. Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի
«Ռենշին» ՍՊԸ-ի ներկայացրած՝ Համաշխարհային առևտրի կենտրոն (World Trade Center (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագիրն իրականացնելու նպատակով՝ կառավարությունն ընդունել է «Երևան քաղաքի Սարյան և Պարոնյան փողոցների միջնամասում (Սարյան 22 հասցեում գտնվող գույքին հարակից) գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու և պետության սեփականությունը հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու մասին» որոշում:
Ծրագիրը միտված է հանրապետությունում զբոսաշրջության բազմազանության ու քաղաքաշինության զարգացման ապահովմանը, ինչպես նաև բնակչության մեջ առողջ ապրելակերպի հաստատմանը և համահունչ է ՀՀ կառավարության կողմից որդեգրած տնտեսական զարգացման ռազմավարությանը:
Ծրագրի իրականացման դեպքում նախատեսվում են կոնֆերանս դահլիճներ՝ Միջազգային ֆորումների, գագաթնաժողովների և այլ միջոցառումների իրականացման համար, մշակութային հարթակ՝ համերգասրահ, ցուցասրահներ ժամանակակից արվեստագետների համար, «EXPO» սրահ, գործարար կենտրոն՝ նոր ստարտափների, նախաձեռնությունների և գործարար ակտիվության ծավալելու համար, զբոսաշրջության նոր լոկացիա՝ այս վայրը կձևափոխվի հյուրերի հետ շրջանցման ենթակա վայրից այցելության համար պարտադիր վայր։
Ծրագրի նպատակներից է հասնել որակի բացառիկ մակարդակի՝ Հայաստանի շուկայում ձևավորելով քաղաքաշինության նոր չափանիշներ, և նպաստել Հայաստանի առաջխաղացմանը միջազգային մակարդակում։