27/06/2024 16:35
«Մարդու իրավունքներ, տեսախցիկ, գործողություն». լուսանկարչական և վիդեոնկարչական երիտասարդական մրցույթ՝ երիտասարդների համար
Եվրոպայի խորհրդի 75-ամյակի շրջանակում ԵԽ քարտուղարությունը նախաձեռնել է «Մարդու իրավունքներ, տեսախցիկ, գործողություն» («Human Rights: Camera, Action!») խորագրով լուսանկարչական և վիդեոնկարչական երիտասարդական մրցույթ:
«Մարդու իրավունքներ, տեսախցիկ, գործողություն» խորագրով մրցույթը նախատեսված է ԵԽ անդամ երկրների՝ սիրողական մակարդակով լուսանկարչությամբ և տեսանկարահանմամբ զբաղվող մինչև 26 տարեկանը ներառյալ երիտասարդների համար:
Մասնակիցներին առաջարկվում է լուսանկարի կամ մինչև 40 վայրկյան տևողությամբ կարճ տեսանյութի միջոցով պատկերել/տեսանկարել մարդու հիմնարար իրավունքների դերն առօրյա կյանքում, ներկայացնել իրենց ընկալումները մարդու իրավունքների և դրանց պաշտպանության հարցում կամ տեսլականը՝ Եվրոպայում մարդու իրավունքների ապագայի մասին: Ընդունվում են նաև արհեստական բանականության միջոցով ստացված լուսանկարներն ու տեսանյութերը:
Մրցույթի համար սահմանված են հետևյալ չորս անվանակարգերը՝ «Լավագույն լուսանկար», «Լավագույն տեսանյութ», «Արհեստական բանականության միջոցով ստացված լավագույն լուսանկար», «Արհեստական բանականության միջոցով ստացված լավագույն տեսանյութ»: Յուրաքանչյուր անվանակարգում հնարավոր է ներկայացնել մեկ կամ ավելի ստեղծագործություն:
Մրցույթը եզրափակվելու է ընթացիկ տարվա նոյեմբերին Ստրասբուրգում կայանալիք «Վստահություն վաղվա օրվա հանդեպ. երիտասարդների հետ ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքների փոխանակում և ձևավորում» երիտասարդության միջազգային համաժողովի շրջանակում:
Մրցութային չորս անվանակարգերի համար ընտրված չորս հաղթողները կպարգևատրվեն համապատասխան դիպլոմներով և ընթացիկ տարվա նոյեմբերի սկզբին ԵԽ ֆինանսավորմամբ կճամփորդեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽ կենտրոնակայանում իրենց հեղինակած ստեղծագործությունների ցուցադրմանը, որոնք կհրապարակվեն նաև ԵԽ կայքէջում և ԵԽ սոցիալական ցանցերում:
Մրցույթն անցկացվելու է հետևյալ ժամանակացույցով՝
Մինչև 2024 թ. հուլիսի 14–ը՝ մասնակիցների կողմից լուսանկարի/տեսանյութի ներկայացում Instagram-ում՝ ԵԽ տարբերակիչ հղումներով,
Մինչև 2024 թ. հոկտեմբեր՝ ԵԽ մրցութային հանձնաժողովի կողմից լուսանկարների/տեսանյութերի ընտրություն, հաղթողների հետ կապի հաստատում,
2024 թ. նոյեմբերի 6–8–ը՝ մրցույթի հաղթողների այց Ստրասբուրգ, դիպլոմների հանձնում, նրանց հեղինակած լուսանկարների և տեսանյութերի ցուցադրում Ստրասբուրգում:
Մրցույթի մասին առավել մանրամասն տեղեկությունները հասանելի են https://www.coe.int/en/web/coe-story/rules հղումով:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության մշակութային միջազգային համագործակցության բաժին՝ հեռ. (+374) 10-599-648: