28/06/2024 14:23
Հնարավոր է՝ բանակի լուծարման հարցը քննարկեն, հարյուր հազարավոր ադրբեջանցիներ գան Հայաստան․ դրանից հետո կարևոր չէ՝ ով է ՀՀ ղեկավարը. Բադալյան
Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ հավաքի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում հերթական ընդդիմադիր շարժումը ձախողվեց։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն էլ հայտարարեց, որ շարժումը ոչ միայն չի մարել, այլև իրենք հետքայլ չեն անելու և հասնելու են իրենց նպատակին՝ ճշմարտության վերականգնմանն ու այս իշխանությունների հրաժարականին։
Քաղաքական վերլուծաբան Արմեն Բադալյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ այստեղ ձևակերպումները կարևոր չեն՝ մարել է, չի մարել, կարևորն այն է, թե վերջնարդյունք կա՞, թե՞ ոչ։
«Գնահատման չափորոշիչը սխալ են դնում, կարևոր չէ՝ գործողությունը շարունակություն ունի՞, կա՞նգ է առել, թե՞ ոչ։ Այստեղ կարևորն այն է, թե արդյունքի հասե՞լ են, թե՞ ոչ։ Ես այդպես եմ գնահատում գործընթացները։ Փաստացի արդյունք չէ, և շարժումն անարդյունավետ գործընթաց էր»,-նշեց Բադալյանը։
Հարցին՝ ինչո՞վ էր այդ անարդյունավետությունը պայմանավորված՝ վերլուծաբանը պատասխանեց.«Փողոցով չեն կարող գալ իշխանության։ Սկսած Արշակ Սադոյանից և մյուսներից, ովքեր 90-ականներին քաղաքական գործընթացներ էին իրականացնում, իսկ 1996 թվականի ընտրությունների ժամանակ հասարակական դժգոհությունը ղեկավարում էր այն ժամանակվա ընդդիմության առաջնորդ Վազգեն Մանուկյանը, դրանք ցույց տվեցին, որ փողոցով չես կարող իշխանություն վերցնել։ Հասարակությունը չունի այն պոտենցիալը՝ այն ճնշումները գործադրի, որ իշխանությունը զիջումների գնա, սա Եվրոպան չէ»։
Դիտարկմանը, թե ինչպե՞ս 2018 թվականին փողոցային պայքարով իշխանափոխություն եղավ՝ Արմեն Բադալյանը արձագանքեց.«2018 թվականին Արևմուտքն այն ժամանակվա իշխանություններին հանձնարարեց իշխանությունը հանձնել ընդդիմությանը։ Բովանդակությունը դա էր, ձևը՝ փողոց փակելը։ Եվ ահա շատ հանգիստ «թավշյա» ոստիկանները, ովքեր մեկ ամիս առաջ ծեծ ու ջարդի էին ենթարկում մարդկանց, այդ նույն մարդիկ հանգիստ կանգնած նայում էին, թե ինչպես էին 5 հոգով փակում Ֆրնասիայի հրապարակը, և այլն։ Դրա համար բեմադրված էր թատերական ներկայացում։ Ներկայացումն ավարտվեց՝ իշխանությունը հանձնվեց։ Դրանով խնդիր կար լուծելու՝ Արցախն ամբողջովին պետք է Ադրբեջանին հանձնվեր, «Զանգեզուրի միջանցքը» բացվեր, ՌԴ-ին էլ այստեղից դուրս թողնեին։ Պետք է վերափոխվեր հասարակության մտածելակերպը։ Այն, ինչ որ կատարվում է»։
Դիտարկմանը, թե այդ ամենն արդեն իրականություն է դարձել, ինչո՞ւ իշխանություններին չեն հեռացնում՝ քաղաքական վերլուծաբանն ի պատասխան շեշտեց, որ դեռ անելիքներ ունեն.
«Մյուս մարզերում դեռ պետք է սահմանազատում անեն։ Տիգրանակերտն են հանձնելու և բոլոր այն կետերը, որոնք Ադրբեջանը կպահանջի։ Պետք է նաև Սահմանադրությունը փոփոխեն, շատ հնարավոր է՝ նաև բանակի լուծարման հարցը քննարկեն, և հարյուր հազարավոր ադրբեջանցիներ կարող են գալ Հայաստան։ Իսկ դրանից հետո այս իշխանությունները կգնա՞ն, թե՞ կմնան՝ այլևս նշանակություն չունի։ Երբ դառնանք Ադրբեջանի կցորդ, ինչ կարևոր է, թե ով է լինելու Հայաստանի ղեկավար»։