28/06/2024 18:14
Օ'Բրայենը ԱՄՆ-ի անունից Հայաստանին ու Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի միջոցառմանն ու հույս է հայտնել, որ Միրզոյանն ու Բայրամովը հանդիպում կանցկացնեն Վաշինգտոնում
ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում գործընկերների ձևաչափով հանդիպմանը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը, ով գտնվում է Բաքվում։
«ԱՄՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում գործընկերների ձևաչափով հանդիպմանը»,- ասել է նա։
Նշենք, որ ՆԱՏՕ-ի այս միջոցառումը նախատեսված է անցկացնել հուլիսի 9-ից 11-ը։
Օ'Բրայենը Բաքվում ճեպազրույցի ժամանակ հույս է հայտնել նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները «հնարավորություն կգտնեն՝ ամենամոտ ժամանակներս հանդիպելու»։
«Եթե դա տեղի ունենա Վաշինգտոնում, մենք ուրախ կլինենք ընդունել նրանց այն դերակատարմամբ ու կարգավիճակով, որն ի վիճակի կլինենք ստանձնել։ Բայց կան այլ խողովակներ, և երկու կողմերը շատ արդյունավետ ուղիղ կապ են պահպանում միմյանց հետ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականը։