28/06/2024 15:12
Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը՝ Եղիշե Կիրակոսյանի հրաժարականի մտադրության մասին
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գրասենյակից մեկնաբանել են նրա հրաժարականի մտադրության վերաբերյալ տեղեկությունը։
«Այն տեղեկատվությունը, որ տարածվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդների կողմից առանց վստահելի աղբյուրի հղման, չի համապատասխանում իրականությանը: Նման որոշում այս պահին չկա, որևէ գործընթաց այս առումով չի իրականացվում: Գրասենյակը շարունակում է իրականացնել իր գործառույթները՝ շարունակելով ներկայացնել Հայաստանի Հանրապետության շահերը միջազգային իրավական ատյաններում»,- Aysor.am-ին ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
Նա ասաց, որ Եղիշե Կիրակոսյանն այս պահին գտնվում է իրեն հասանելիք արձակուրդում։
Նշենք, որ «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը հայտնել էր, թե Եղիշե Կիրակոսյանը պատրաստվում է հրաժարական տալ։
«Դիվանագիտական շրջանակների մեր աղբյուրները պնդում են, որ Փաշինյանի կառավարությունը տրամադրված է բավարարել Ալիևի պահանջները, ինչն առաջացրել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի զայրույթը: Վերջինս պնդում է, որ ետ չի կանչի իր իսկ կողմից պատրաստված հայցերը և պատրաստվում է, այդպես էլ արձակուրդից չվերադառնալով, հրաժարական տալ», - նշված է հայտարարության մեջ։