28/06/2024 12:59
Պարեկների օրինական պահանջին չենթարկված ու փախուստի դիմած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են քաղաքացու կողմից խուլիգանություն կատարելու, ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, ինչպես նաև գույք վնասելու դեպքերի մի շարք հանգամանքներ։
Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2024 թվականի հունիսի 23-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկները, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում ծառայություն իրականացնելիս, նկատել են կողային ապակիները մգեցված վիճակում «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենա և բարձրախոսով հրահանգել են վարորդին՝ կանգնեցնել այն: Վերջինս ճանապարհը շարունակել է մինչև Թամանցիների փողոց և այնտեղ կայանել: Երբ պարեկային ծառայողը փորձել է մոտենալ նշված ավտոմեքենային, վարորդը, կտրուկ վարելով այն, դիմել փախուստի: Պարեկային ծառայողները ռադիոկապի միջոցով հավելյալ կարգախումբ են խնդրել և շարունակել հետապնդել փախուստի դիմած վարորդին:
Վերջինս, չենթարկվելով պարեկային ծառայողների օրինական պահանջներին, ճանապարհային երթևեկության կանոնների ակնհայտ կոպիտ խախտումներով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, խախտելով մարդկանց անդորրը, հիշյալ ավտոմեքենան վարել է Արտաշատի խճուղու ուղղությամբ, որից հետո փոխել է երթևեկության ուղղությունը դեպի Արին Բերդի փողոցի կողմ՝ խաթարելով բնականոն երթևեկությունը, ստեղծելով վթարային իրավիճակներ, երթևեկության մասնակիցների, ինչպես նաև անցորդների մոտ ստեղծելով վախի և տագնապի զգացում:
Այդ ընթացքում պարեկային ծառայողների կանչով օգնության հասած կարգախմբերը իրենց ծառայողական ավտոմեքենաներով հետապնդել են հիշյալ ավտոմեքենային, սակայն վարորդը, անտեսելով ավտոմեքենան կայանելու և ավտոմեքենայից դուրս գալու վերաբերյալ ոստիկանության ծառայողների օրինական պահանջները, շարունակել է իր հանցավոր վարքագիծը։
Արին Բերդի փողոցով ընթանալիս, հիշյալ մեքենայի վարորդը, փախուստի երթուղիներ ստեղծելու, ինչպես նաև պաշտոնատար անձանց օրինական գործունեությունը խոչընդոտելու նպատակով, իր վարած ավտոմեքենայով հարվածել է պարեկային ավտոմեքենային և դիմել փախուստի: Այդ ընթացքում պարեկային ծառայողներից մեկն իրեն ամրակցված ծառայողական ատրճանակից կրակոց է արձակել փախուստի դիմող ավտոմեքենայի առջևի ձախ անվադողին, սակայն վարորդը դարձյալ շարունակել է անկանոն վարել ավտոմեքենան: Վերջինս Երևան քաղաքի Մանթաշյան փողոցում ավտոմեքենայով հարվածել է երթևեկության մեջ գտնվող «Օպել» մակնիշի ավտոմեքենային, որից հետո չկարողանալով շարունակել երթևեկությունը՝ պարեկային ծառայողների կողմից ձերբակալվել է։ Պարզվել է, որ վերջինս Երևան քաղաքի բնակիչ է՝ 23 տարեկան։
«Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի վերը նշված գործողությունների արդյունքում երկու պարեկ ստացել են մարմնական վնասվածքներ, իսկ պարեկային ծառայության «Շկոդա» և վերոնշյալ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներին պատճառվել է խոշոր չափի գույքային վնաս:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով, 264-րդ հոդվածի 1-ին մասով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ 23-ամյա երիտասարդի նկատմամբ կաանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, դատարանի որոշմամբ կիրառվել է տնային կալանք և գրավ:
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: