28/06/2024 09:44
«Հրապարակ». Հայաստանը կիսում է ԵՄ արժեքներն ու ցանկանում է ԵՄ մաս լինել
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի՝ ԵՄ անդամության հայտի հարցն ամիսների ընդմիջումից հետո կրկին օրակարգում է՝ շնորհիվ Փաշինյանի հաստիքային ընդդիմադիրների: Արման Բաբաջանյանը, Արամ Սարգսյանը, Տիգրան Խզմալյանը, Հովսեփ Խուրշուդյանը և այլք իշխանությունից պահանջում են այս հարցով հանրաքվե անցկացնել, որ ժողովուրդն ասի՝ ուզո՞ւմ է, որ Հայաստանը դիմի ԵՄ-ին` անդամակցության խնդրով, թե՞ ոչ: «Ոչ»-ն այս պարագայում դիտվում է որպես ՀՀ արտաքին քաղաքականության նախկին` ռուսական գծի շարունակում:
Անցած շաբաթ ԱԺ-ում իշխանությունը լսումներ անցկացրեց, իսկ երեկ ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայում խոսել է այս մասին, որ Հայաստանը կիսում է ԵՄ արժեքներն ու ցանկանում է ԵՄ մաս լինել. «Կարծում եմ, որ մոտ ապագայում մենք կունենանք այս հանրաքվեն, և վստահ եմ, որ մեր ժողովուրդը կասի «այո»»։
Սակայն իշխանական կուլիսներում գրեթե վստահ են, որ նման հանրաքվե տեղի չի ունենա` սա ընդամենը փիառ ակցիա է․ իշխանությունները չեն համարձակվի հատել կարմիր գծերը՝ զգուշանալով Ռուսաստանի արձագանքից։ Իսկ թեման դաշտ է նետվել հատուկ հաշվարկով, որ հայաստանյան հանրության մոտ բարձրացնեն իշխանության գրպանային արևմտամետների կշիռը, ինչը պետք է նախևառաջ իշխանություններին` առաջիկա ընտրությունների համար, որ սրանք այնքան ձայն ունենան, որպեսզի ապագա խորհրդարանը ձևավորելիս աջակցեն ՔՊ-ին` իշխանության գալու համար։ ՔՊ-ում լավ գիտեն, որ չունեն 50+1 ձայն, հիմա իրենց համար կառավարելի ուժեր են աճեցնում, որ նրանց հետ կոալիցիոն կառավարություն կազմեն։ Ի դեպ, հանրաքվե անցկացնելու համար նախ պետք է 50 հազար ստորագրություն հավաքել, ապա մտնել ԱԺ: Իսկ եթե ԱԺ-ն մերժի, ապա 300 հազար ստորագրություն է հարկավոր՝ հանրաքվե անելու համար: