29/06/2024 20:03
Ի՞նչ է Դյուպյուիտրենի կոնտրակտուրա երևույթը և ինչպե՞ս է բուժվում․ մանրամասնում է վիրաբույժը
«Արթմեդ» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Վիլեն Մկրտչյանն, անդրադառնալով Դյուպյուիտրենի կոնտրակտուրայի (ափային ֆիբրոմատոզ) խնդրին, նշում է, որ հիվանդության պարագայում ամենից հաճախ ախտահարվում են մատնեմատը կամ ճկույթը, սակայն հիվանդությունը կարող է ազդել ձեռքի բոլոր մատների կամ երկու ձեռքի մատների վրա:
Այն մի վիճակ է, որի ժամանակ մեկ կամ մի քանի մատները ձգվում ու մնում են մշտապես ծալված դիրքում:
Խնդիրը սովորաբար սկսվում է ափի մաշկի տակ փոքր կոշտուկանման հանգուցիկների տեսքով։ Ժամանակի ընթացքում վիճակը վատանում է այնքան, մինչև մատներն այլևս հնարավոր չի լինում բացել և ուղղել։
Տղամարդկանց մոտ Դյուպյուիտրենի կոնտրակտուրայի հաճախականությունը մի քանի անգամ ավելի բարձր է, քան կանանց մոտ: Երիտասարդ տարիքում այս հիվանդությունը հազվադեպ է հանդիպում, սակայն տարիների ընթացքում Դյուպյուիտրենի կոնտրակտուրայի դեպքերը մեծանում են։ Եթե հիվանդությունն առաջանում է երիտասարդ տարիքում, ապա, որպես կանոն, նկատվում է ախտանիշների արագ զարգացում և հիվանդության ավելի ծանր ընթացք։
Դյուպյուիտրենի կոնտրակտուրայի բուժումը կարող է իրականացվել ինչպես պահպանողական, այնպես էլ վիրաբուժական եղանակով: Բուժման մեթոդի ընտրությունը պայմանավորված է պաթոլոգիական փոփոխությունների ծանրության աստիճանից։ Վիրահատությունն արդյունավետ է կոնտրակտուրայի ցանկացած փուլում:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն