29/06/2024 11:23
Շատ առումներով սխալ է համեմատել մարտի 1-ն ու հունիսի 12-ը. Մարտի 1-ը սադրողը սև շարֆով էր, հունիսի 12-ի սադրողը՝ սև փողկապով. Հովհաննես Խուդոյան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանի դիտարկմամբ` առհասարակ, շատ առումներով է սխալ համեմատել մարտի 1-ն ու հունիսի 12-ը։
Նրա խոսքով` Մարտի 1-ին ոստիկանների կողմից հրազեն է կիրառվել (օդ են կրակել), հունիսի 12-ին՝ ոչ:
«Մարտի 1-ին զոհեր են եղել, հունիսի 12-ին՝ ոչ։
Մարտի 1-ին ավելի վտանգավոր եղանակով են կիրառվել հատուկ միջոց չերյոմուխաները (նաև մահվան պատճառ դառնալով), հունիսի 12-ին սխալ և ապօրինի են օգտագործվել լուսաձայնային նռնակները՝ ծանր մարմնական վնասվածք պատճառելով։
Մարտի 1-ին ցուցարարների մեջ հրազենով զինված անձինք են եղել, հունիսի 12-ին՝ ոչ։
Մարտի 1-ին հրկիզումներով, գույք վնասելով ու խանութներ կոտրելով զանգվածային անկարգություններ են եղել, հունիսի 12-ին՝ ոչ։
Մարտի 1-ին մարտական նռնակ է նետվել ոստիկանների շարքի մեջ (առաջին մահվան պատճառ դառնալով), հունիսի 12-ին՝ ոչ։
Մարտի 1-ին մոլոտովի կոկտեյլներ են նետվել ոստիկանական շարքերի վրա, հունիսի 12-ին՝ պլաստիկ շշեր։
Մարտի 1-ը սադրողը սև շարֆով էր, հունիսի 12-ի սադրողը՝ սև փողկապով»,- Facebook-ում գրել է Խուդոյանը: