29/06/2024 14:44
Պետրոս Ղազարյանը և Civic.am-ը մանիպուլացնում են Մենուա Սողոմոնյանի վրիպումը
Հունիսի 28-ին Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանի ճեպազրույցից մի հատված՝ «սա այն դեպքն է, երբ խոսքերն ավելորդ են» ուղեկցող գրառմամբ, գրում է Fip.am-ը:
Տեսանյութի այն հատվածում, որը տեղադրել է Պետրոս Ղազարյանը, լրագրողներից մեկը հարցնում է Մենուա Սողոմոնյանին, թե արդյո՞ք մարտի 1-ի և հունիսի 12-ի միջև տարբերություն չի տեսնում: Սողոմոնյանը, ի պատասխան, ասում է հետևյալը. «Մարտի 1-ին 10 զոհ է եղել, հունիսի 12-ին դեռևս, ցավոք սրտի, զոհ չի եղել»:
Տեսանյութի նույն հատվածը տարածել է նաև Civic.am-ը՝ գրելով.
««Սրբազան շարժման» աջակիցը ցավում է՝ հունիսի 12-ը մարտի 1 չդառնալու համար»: Ի դեպ, նույն կայքէջը տարածել է նաև Պետրոս Ղազարյանի գրառումը։
Սակայն Պետրոս Ղազարյանի, ինչպես նաև Civic.am-ի հրապարակումները մանիպուլյատիվ են:
Ուսումնասիրելով տեսանյութն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ տեսանյութում Մենուա Սողոմոնյանը իր խոսքից հետո լրագրողների օգնությամբ ուղղում է խոսքը և ներողություն է խնդրում: Նա ասում է.
«Մարտի 1-ին 10 զոհ է եղել, հունիսի 12-ին դեռևս, ցավոք սրտի, զոհ չի եղել: Բարեբախտաբար, ներողություն եմ խնդրում, հազար ներողություն եմ խնդրում: Բարեբախտաբար զոհ չի եղել»:
Մենուա Սողոմոնյանը, միաժամանակ, Պետրոս Ղազարյանի հրապարակումից հետո իր ֆեյսբուքյան էջում պարզաբանել է տեղի ունեցածը՝ նշելով, որ լեզվի սայթաքում է եղել:
«Ակցիայի ընթացքում՝ ճեպազրույցի ժամանակ, զուգահեռներ անցկացնելով մարտի 1-ի և հունիսի 12-ի միջև, լրագրողի հարցին ի պատասխան թույլ եմ տվել խոսքային վրիպում, որի համար անմիջապես ներողություն եմ խնդրել»,- գրել է նա: