29/06/2024 18:35
Կրեմլում պատասխանել են՝ կկարգավորվե՞ն արդյոք Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունները
ԵՄ ղեկավարության փոփոխությունը որևէ կերպ ազդեցություն չի ունենա Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման վրա, դրական հեռանկարներ չկան, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով ԵՄ ղեկավար կազմի փոփոխությանը։
«Չենք կարծում, որ եվրոպական դիվանագիտությունը կփոխվի՝ հարաբերությունների կարգավորման առումով։ Մոսկվայի և Բրյուսելի հարաբերությունների հեռանկարները վատն են»,- ասել է նա։
Անդրադառնալով, մասնավորապես, ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասի նշանակմանը՝ Պեսկովը նշել է, որ նա մինչև այժմ դիվանագիտական «հակումներ» չի ցուցաբերել, հակառակը, լավ հայտնի է իր անընդունելի և ակնհայտ ռուսատյաց հայտարարություններով։
Նշենք, որ ԵՄ ղեկավար կազմում հետևյալ փոփոխություններն են տեղի ունեցել՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերանշանակվել է Եվրահանձնաժողովի նախագահ, Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիո Կոստան դարձել է Եվրոպական խորհրդի ղեկավար, իսկ Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար։