29/06/2024 15:01
Գորիսի Թումանյան փողոցը վերածնվում է
Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն այցելել է քաղաքի վերակառուցվող Թումանյան փողոց, ծանոթացել այնտեղ իրականացվող շինբարեկարգման աշխատանքների ընթացքին, հանդիպել շինարարներին ու բնակիչներին, լսել նրանց կարծիքներն ու առաջարկները։
Առուշանյանն ընդգծել է, որ համայնքն ամեն ինչ անում է՝ փողոցի վերակառուցումն արագ և որակյալ կերպով ավարտին հասցնելու համար։
«Թումանյան փողոցը, լինելով համայնքի կարևոր տրանսպորտային հանգույցներից մեկը, երբևէ չի ասֆալտապատվել:
Համայնքի ղեկավարի որոշմամբ՝ Թումանյան փողոցը ոչ միայն կասֆալտապատվի, այլև կունենա ժամանակակից ճանապարհային ենթակառուցվածքի բոլոր տարրերը:
Նախագիծը ներառում է նոր մայթերի կառուցում, արտաքին լուսավորության ցանցի արդիականացում, ինչպես նաև կանաչապատ գոտիների ընդլայնում:
Վերակառուցման աշխատանքներն ընթանում են բավականին ակտիվ. օրեցօր փողոցը գեղեցիկ և բարեկարգ տեսք է ստանում։
Թումանյան փողոցի օրինակով վերանորոգվում են նաև Գորիսի այլ փողոցներ՝ դարձնելով քաղաքն առավել գրավիչ և հարմարավետ բոլորի համար»,- նշվում է հաղորդագրությունում: