01/07/2024 20:36
Կոսմետոլոգիական միֆերի հերքում բժիշկ-կոսմետոլոգի կողմից
Բժշկական կոսմետոլոգիայի մասին հանրության շրջանում հաճախ կարելի է հանդիպել այնպիսի միֆերի, որոնք տարածվել են ժամանակի ընթացքում, սակայն մի քանիսը իրականությանը չեն համապատասխանում։
Այդ միֆերին է անդրադարձել բժիշկ-կոսմետոլոգ Տիգրան Մկրտչյանը.
Պարտադիր չէ, որ ներարկումային միջամտություններն իրականացնի բժշկի որակավորում ունեցող մասնագետը։
«Այս կարծիքը, որը շատ կարելի է հանդիպել, սխալ է, նույնիսկ պարտադիր է, որ դա իրականացնի մաշկաբան կոսմետոլոգը, կամ գոնե պլաստիկ վիրաբույժը։ Քանի որ հաճախ ենք հանդիպում դեպքերի, երբ մասնագետն ընդհանրապես բժշկի որակավորում չի ունենում և ներարկում է իրականացնում,իսկ դա պացիենտի մոտ բերում է շատ վատ հետևանքների»։
Ֆիլլերների ներարկումից հետո դրանք կարող են ներհոսել մաշկի այլ հատվածներ։
«Այդպիսի դեպքեր, ցավոք, լինում են, և դրանից խուսափելու համար բժիշկը պետք է ճիշտ գնահատի պացիենտի մաշկի անատոմիական առանձնահատկությունները, ճիշտ ընտրի պրեպարատը՝ կոնտուրային պլաստիկայի համար, քանի որ ֆիլերները լինում են տարբեր խտության՝ նայած՝ որ զոնայի հետ է աշխատում մասնագետը։ Եվ պացիենտները ևս պետք է միանշանակ պահպանեն բժշկի նշանակումները՝ կոնտուրային պլաստիկայից հետո»։
Ներարկումային միջամտությունների արդյունքները երկարատև են և կարիք չկա ժամանակ առ ժամանակ կրկնել պրոցեդուրան։
«Դա միֆ է, քանի որ մեր օրգանիզմում առկա է հիալուրոնաթթու, և նրա քայքայման արգասիքը՝ հիալուրոնիդազան։ Մենք հիմնականում կիրառում ենք ֆիլերներ հիալուրոնաթթվի հիմքի վրա և, բնականաբար, դրանք ժամանակի ընթացքում դուրս են բերվում օրգանիզմից՝ կարիք առաջացնելով պրոցեդուրան ժամանակ առ ժամանակ կրկնելու։
Եթե նորագոյացությունները հեռացվեն CO2 ապարատի միջոցով, ապա կառաջանան նոր և ավելի ագրեսիվ նորագոյացություններ։
«CO2 լազերը նախատեսված է լազերային հղկումների և նորագոյացությունների հեռացման համար, և այս լազերի միջոցով մենք նորագոյացությունները հեռացնում ենք հիմնովին, մնացորդներ այդ հատվածում չեն մնում և, բնականաբար, նոր գոյացություններ չեն կարող առաջանալ»։
CO2 լազերով կատարված պրոցեդուրայից հետո նորագոյացությունների տեղում մնում են հետքեր , բայցի այդ, այն առավել ցավոտ է, քանի նորագոյացության հեռացման մեկ այլ տարբերակ։
«CO2 լազերի միջոցով գոյացության հեռացումն անցավ է, քանի որ գոյացության չափից կախված մենք պարտադիր կատարում ենք անզգայացում՝ ապլիկացիոն կամ ներարկումային, իսկ հետքերի առումով նշեմ, որ դա առաջին հերթին կախված է պացիենտի մոտ սպիագոյացման հանդեպ ժառանգականության տրամադրվածությունից։ Վերջինները պարտադիր պիտի կատարեն վերքերի ճիշտ խնամք բժշկի նշանակմամբ՝ նորագոյացությունների հեռացումից հետո։
SMAS lifting-ից հետո երկար ժամանակ է անհրաժեշտ վերականգնվելու համար։
«Ապարատային SMAS lifting-ը համարվում է մաշկի ձգման ոչ վիրահատական եղանակ, վերականգնվելու համար երկար ժամանակ պետք չէ, արտաքինից որևէ ակնառու փոփոխություն մենք չենք տեսնում, միայն պացիենտը կարող է սյուբյեկտիվ զգացողություններ ունենալ՝ ցավ կամ որոշ ժամանակ այրոցի զգացում»։
Բոտուլինոթերապիայի ընթացքում կորում են միմիկաները, դեմքը դառնում է անբնական և քարացած։
«Ոչ, դա ևս միֆ է։ Եթե բժիշկը ճիշտ է ընտրել պացիենտի պրեպարատը՝ բուտոլոտոքսինը, և ճիշտ է կատարել դոզավորումը, ապա մենք ունենում ենք և ինչ-որ չափով շարժուն միմիկա և հարթեցնում ենք կնճիռները»։
Բոտուլինոթերապիան կիրառվում է միայն կնճիռները հարթեցնելու նպատակով։
«Այն կիրառվում է բժշկական այլ ոլորտներում ևս, օրինակ նևրոլոգիայում՝ միգրենի բուժման համար, բժշկական կոսմետոլոգիայում՝ գերքրտնարտադրության դեպքում, որը այս խնդրի լուծման իդեալական տարբերակ է»։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն