01/07/2024 16:00
Պատերազմից հետո ՀՀ-ն կարողացել է դիմակայել ինքնիշխանության դեմ ճնշումներին՝ ժողովրդավարության միջոցով. Արմեն Գրիգորյան
Փորձում են ժողովրդավարության և անվտանգության միջև հակադրություն ստեղծել, բայց իրականության մեջ հակադրություն չկա. Ժողովրդավարության հայկական ֆորումին հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով նշեց, որ ժողովրդավարական կառավարման համակարգն ավելի կայուն է։
Ըստ նրա՝ իրենց գործը 2018-ից եղել է նաև անվտանգության հայցեկարգի ընկալման ընդլայնումը։
«Փորձ է արվում դա ընկալել Զինված ուժերի կամ անվտանգության ինստիտուտների մասով, բայց անվտանգությունը մեծ հասկացություն է և շատ դեպքերում ԶՈւ-ի և անվտանգության ինստիտուտների աշխատանքը կախված է նաև համակարգի այլ ինստիտուտների աշխատանքից։ Այդ առումով որոշ չափով մեզ հաջողվել է, և այս պահին ժողովրդավարությունը եղել է հիմնական գործիքը, որով կարողացել ենք քաղաքական ճգնաժամերը հաղթահարել»,-ասաց նա։
Արմեն Գրիգորյանը հայտարարեց՝ ՀՀ-ում հստակ ընկալում կա, որ իշխանափոխության միակ գործիքն այլևս ընտրություններն են. «Այլ գործիք ՀՀ-ում գոյություն չունի և սա հիմնական հաջողություններից մեկն է»։
ԱԽ քարտուղարը նաև ընդգծեց՝ ժողովրդավարությունն ինքնիշխանության պաշտպանության հարցում մեծ դեր ունի, մասնավորապես, «ՀՀ-ի դիմակայությունը՝ առնվազն վերջին 4 տարիներին»։
«Պատերազմից հետո այն ճնշումները, որոնք ՀՀ-ի վրա կային ինքնիշխանության տեսակետից, ՀՀ-ն կարողացել է դիմակայել ժողովրդավարության միջոցով։ Համոզված եմ, եթե ՀՀ-ն ժողովրդավարական համակարգ չունենար, դժվար թե այդ ճնշմանը դիմակայեր»,-ասաց նա։