01/07/2024 11:07
ՀՀ-ում ժողովրդավարությունը լրջորեն արմատավորվում է. «ընտրությունների արդյունքներ կեղծել» արտահայտությունն արդեն պատմական ժանրի է վերագրված. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Ընտրությունների արդյունքներ կեղծել արտահայտությունն արդեն պատմական ժանրի է վերագրված Հայաստանում, «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, թե ժամանակին Հայաստանում տեղեր կային, որտեղ հավաք անելն այդքան էլ հեշտ չէր։
«Խոսքի ու մամուլի ազատության բռնաճնշումներ. կարծում եմ՝ սա նույնպես մի թեմա է, որն արդեն անցյալում է Հայաստանում»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ ժողովրդավարությունը Հայաստանի կառավարության համար հանգամանքների բերում չէ, այլ՝ ռազմավարություն։
«Եվ կառավարությունը շարունակելու է այս ռազմավարական հետագիծը։ Մի բան հստակ է՝ Հայաստանում ժողովրդավարությունը լրջորեն արմատավորվում է, ու միջազգային հանրությունը Հայաստանն ավելի ու ավելի շատ է ընկալում որպես միջազգային կամ գլոբալ ժողովրդավարության մաս, սա, թերևս, ամենակարևոր արձանագրումն է, որ կարող ենք անել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։