01/07/2024 18:19
Ալիևը նորից ուլտիմատում է ներկայացրել․ «Մինչև Հայաստանն իր սահմանադրությունը չփոխի, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի»
«Ադրբեջանն ու Հայաստանը կարող են ավարտին հասցնել «խաղաղության պայմանագրի» տեքստը՝ մի քանի ամսվա ընթացքում»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Կանադայի դեսպան Քևին Համիլթոնի հավատարմագրերն ընդունելիս։
«Կարծում եմ՝ մի քանի ամսվա ընթացքում մենք կարող ենք վերջնական տեսքի բերել խաղաղության պայմանագրի տեքստը, գոնե դրա հիմնական սկզբունքները»,- ասել է Ալիևը՝ նշելով, թե նախկինում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները առաջարկում էին պայմանավորվածության գալ հիմնական սկզբունքների շուրջ։
«Միջնորդների ծրագիրն էր համաձայնության գալ հիմնական սկզբունքների շուրջ, որոնք կոչվում են Մադրիդյան սկզբունքներ։ Դրանք պիտի նախաստորագրվեին, ապա պետք է կազմվեր տեքստը։ Կարծում ենք, որ դա նույնպես տարբերակ է՝ պայմանավորվածության գալ հիմնական սկզբունքների շուրջ, ապա աշխատանք տանել պայմանագրի տեքստի ուղղությամբ»,- ըստ ՏԱՍՍ գործակալության, ասել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահը այս համատեքստում կրկին հիշատակել է ՀՀ սահմանադրության մասին իր թեզը՝ հերթական անգամ նախապայման առաջ քաշելով ու ասելով, թե «խաղաղության պայմանագիրը» կարող է ստորագրվել, եթե Հայաստանը փոխի իր սահմանադրությունը։
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է, քանի որ այնտեղ «տարածքային պահանջներ կան» Ադրբեջանի նկատմամբ։ Մինչև այդ փոփոխությունը տեղի չունենա, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի»,- ասել է Ալիևը։