01/07/2024 16:45
Արման Սահակյանի գործողությունների հետևանքով պետությանը պատճառված շուրջ 178 միլիոն ՀՀ դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Ա. Ս.-ն, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, շուրջ 178 միլիոն ՀՀ դրամ շուկայական արժեքով պետական անշարժ գույքն օրենքով սահմանված կարգի խախտմամբ օտարել է իր հետ փոխկապակցված անձանց անվամբ հիմնադրված կազմակերպությանը:
Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2013 թվականին հիմնադրվել է «Քիդս Քեը» ՍՊ ընկերությունը, որի բաժնետերեր են հանդիսացել վերը նշված պաշտոնատար անձ Ա. Ս.-ի և նրա մտերիմների հետ փոխկապակցված անձինք, այդ թվում՝ Ա. Ս.-ի կնոջ ղեկավարած մանկապարտեզի պահակ Լ. Գ.-ն: Վերջինս 2013թ. հունիսի 26-ին դիմում է ներկայացրել Ա. Ս.-ին՝ խնդրելով պետական սեփականություն հանդիսացող՝ Երևան քաղաքի Ներսիսյան 5 հասցեում գտնվող նախկին դպրոցի մասնաշենքերն օտարել նշված ընկերությանը:
Լ. Գ.-ի դիմումի հիման վրա և Ա. Ս.-ի կազմակերպմամբ վերը նշված անշարժ գույքից առանձնացվել են 1063.25 քմ ընդհանուր մակերեսով դպրոցի երկու մասնաշենքերը և դրանցով զբաղեցված՝ 0.303439 հա մակերեսով հողամասը, որի նկատմամբ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 2013 թվականի օգոստոսի 7-ին գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:
Մինչ այդ՝ սկսած 2012 թվականից, Ա. Ս.-ի ղեկավարած վարչության կողմից մշակվել և որպես օրենսդրական նախաձեռնություն ներկայացվել է «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ԱԺ-ի կողմից ընդունվել է 2014 թվականին: Նշված օրենքով պետական գույքի օտարման եղանակ է սահմանվել նաև ուղղակի վաճառքը՝ այն պայմանավորելով բացառապես գործարար (ներդրումային) ծրագիր ներկայացրած նախօրոք հայտնի գնորդի կամ տվյալ գույքի վարձակալի առկայությամբ: Մինչդեռ, անտեսելով ուղղակի եղանակով պետական գույքի օտարման իրավաչափությունը սահմանող հիշյալ դրույթները, «Քիդս Քեը» ՍՊ ընկերության կողմից օտարվող գույքի վարձակալ երբևէ չհանդիսանալու, ինչպես նաև՝ գործարար (ներդրումային) ծրագրի բացակայության պայմաններում, ելնելով ընկերության շահառուների հետ ունեցած հարաբերություններով պայմանավորված խմբային շահերից, Ա. Ս.-ն 2014 թ.-ից մշակել և 2015թ. փետրվարի 12-ին կայացած ՀՀ կառավարության նիստում իր զեկուցմամբ քննարկել է «Պետական գույքն օտարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ առաջարկելով թույլատրել Երևան քաղաքի Ներսիսյան փողոցի 5 հասցեում գտնվող գույքը նախագծով որևէ հիմնավորում չպարունակող արտոնյալ պայմանով, ուղղակի վաճառքի եղանակով օտարել «Քիդս Քեը» ՍՊ ընկերությանը:
Միաժամանակ, կառավարության նույն նիստում նախագծի ներկայացման ընթացքում, գույքի օտարման օրինականության վերաբերյալ նիստի մասնակիցների մոտ հնարավոր կասկածներ չհարուցելու և իր հանցավոր մտադրությունը վերջնականորեն ավարտին հասցնելու դիտավորությամբ Ա. Ս.-ն «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածի բովանդակության վերաբերյալ բանավոր ներկայացրել է խեղաթյուրված տվյալներ ու հայտնել, որ ուղղակի վաճառքի եղանակով գույք օտարելու դեպքում ներդրումային ծրագիր չի պահանջվում, ինչի արդյունքում ներկայացված նախագիծը հաստատվել և ընդունվել է:
Վերոգրյալի արդյունքում՝ ուղղակի վաճառքով օտարման ոչ ենթակա՝ 177.539.790 ՀՀ դրամ գնահատված շուկայական արժեքով անշարժ գույքը 2015 թվականի փետրվարի 12-ին ընդունված ՀՀ կառավարության որոշման հիման վրա օտարվել է «Քիդս Քեը» ՍՊ ընկերությանը, որն էլ հետագայում այն օտարել է 240.000.000 ՀՀ դրամով:
Այսպիսով՝ Ա. Ս.-ն հիշյալ անշարժ գույքը օրենքով սահմանված կարգի խախտմամբ՝ ուղղակի վաճառքով, օտարել է իր հետ փոխկապակցված անձանց անվամբ հիմնադրված կազմակերպությանը, որի հետևանքով պետությանը պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ 177.539.790 ՀՀ դրամ շուկայական արժեքով գույքը դուրս է եկել պետության գույքային ֆոնդից:
Նախաքննության ընթացքում Ա. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Ներկայացված մեղադրանքում վերջինս իրեն լիովին մեղավոր է ճանաչել և ամբողջությամբ վերականգնել պետությանը պատճառված վնասը:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար: