01/07/2024 21:35
«Լուռ հետևող մարդիկ, հույսներդ ինչի՞ վրա է, ու՞մ վրա է․ որտե՞ղ է երաշխիքը, որ տարբերվելու եք իր տունը ստիպողաբար լքած արցախցուց»․ Կարեն Բեքարյանը սթափության կոչ ուղղեց (Տեսանյութ)
Պատերազմի ամենագրգռող, դիմացինին ագրեսիայի դրդող հանգամանքը նրա ախորժակը բավարարելն է, Սուրբ Աննա եկեղեցու բակում ընթացող հավաքի ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը։
«Ամենօրյա կտրվածքով այս իշխանությունը բավարարում է Ադրբեջանի ախորժակը, հիմա այդ բավարարելու արդյունքում Ադրբեջանն ու Թուրքիան ձգտելու են խաղաղությա՞ն, թե՞ ձգտելու են ավելին պոկելու՝ մինչև մեր վերջնական ոչնչացում»,- հարց բարձրացրեց քաղաքական վերլուծաբանը՝ միևնույն ժամանակ սթափության կոչ ուղղելով հանրությանը՝ այսքան կորուստներից, հայրենիքը կտոր-կտոր հանձնելուց և թշնամու՝ էլ ավելի բացվող ախորժակից հետո ինչպե՞ս կարելի է հավատալ Նիկոլ Փաշինյանի թմբկահարած թեզին, թե Արցախը հանձնելով, Հայաստանից հողեր հանձնելով՝ ինքը տարածքային ամբողջականության հարց է լուծում․
«Ճիշտ հակառակը։ Որ պահին աշխարհը համարեց, որ Արցախի հարցը շրջված է, բացվելու է Սյունիքի էջը։ Կշրջվի Սյունիքի էջը, կբացվի Գեղարքունիքինը։ Այսինքն, սա անվերջ պարտության ընթացք է՝ մինչև լիակատար ոչնչացում։ Այստեղ խնդիրը պատերազմ ուզել կամ չուզելու մեջ չէ, մեզ պետք է նորմալ իշխանություն՝ իր երկրի օրակարգը, իր կարմիր գծերը սահմանող։
Եվ վերջիվերջո, ուզում եմ մի շատ պարզ հարց տալ առաջին հերթին մեր այն հայրենակիցներին, ում պատկերացմամբ՝ զանգը դեռ այնքան ուժեղ չի հնչել, որ ինքն իր տնից դուրս գա․ մարդը, որը հայտարարում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», այսօր ասում է՝ «Արցախն Ադրբեջան է, և վերջ», ուրեմն որտեղի՞ց ձեզ երաշխիք, որ այդ 29 700 – 29800 քառակուսի կմ-ին տեր է լինելու։ Չկա երաշխիք։ Նա այդ երաշխիքի չլինելն ապացուցել է անձամբ։ Հույսներդ ինչի՞ վրա է, ու՞մ վրա է։
Ուզում եմ հասկանալ մարդկանց, որոնք տանը նստած՝ հետևում են՝ ինչպես ֆուտբոլին կհետևեն՝ հույսներդ ու՞մ վրա է, որտեղի՞ց է ձեր մոտ տպավորություն, որ տարբերվելու եք իր տունը ստիպողաբար լքած արցախցուց, Տավուշի մեր հայրենակիցներից, ում գյուղերը հայտնվեցին այսպիսի խնդիրների ներքո։ Որտեղի՞ց է այդ համոզմունքը»։