01/07/2024 21:03
Տեղի ունեցողը ո՛չ սահմանազատում է, ոչ էլ սահմանագծում, այլ պատերազմ բերող իշխանությունների կողմից հայկական հողերի հանձնում թշնամուն․ Էդգար Էլբակյան (Տեսանյութ)
Սուրբ Աննա եկեղեցու բակում ընթացող հավաքի ժամանակ քաղաքագետ, «Հայկական նախագծեր» նախաձեռնության համահիմնադիր Էդգար Էլբակյանը շեշտեց՝ Հյաստանի գործող իշխանությունները եկած օրվանից պատերազմ ու պարտություն են բերել մեր ժողովրդին։
«Քաղաքագիտական ճշմարտություն է՝ ատելություն տարածող և ավերիչ հեղափոխություններից հետո 85 տոկոս դեպքերում լինում են պատերազմներ, ընդ որում, ոչ թե մեկ պատերազմ, այլ մի քանիսը։ Հետևաբար, ՀՀ ներկայիս դե ֆակտո իշխանությունները դեռ 2018 թվականից՝ իրենց ծագման օրվանից են պատերազմ բերող և մեր ժողովրդի վզին պատերազմներ ու պարտություններ փաթաթող»,- ասաց Էդգար Էլբակյանը։
Պատերազմ բերող իշխանության պարագլուխը, սակայն, հրաժարական տալ չի ցանկանում, ճիշտ հակառակը, ճշմարտությունը բարձրաձայնողների դեմ բռնաճնշումներ է իրականացնում, նշեց քաղաքագետը։
«Իսկ ի՞նչ է ասում ճշմարտությունն այսպես կոչված սահմանազատման և սահմանագծման մասին՝ շատ պարզ բան․ չկա ոչ մի սահմանազատում և սահմանագծում։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում՝ Տավուշում և սպասվում է Հայաստանի մնացյալ մարզերին, ո՛չ սահմանազատում է, ոչ էլ սահմանագծում, այլ պատերազմ բերող իշխանությունների կողմից հայկական հողերի հանձնում թշնամուն․ այն հողերի, որոնք 30 տարի պահվել են հայ զինվորի և հայ սպայի արյան գնով։
Իրական սահմանազատում ու սահմանագծում լինում է միայն այն ժամանակ, երբ երկրները հաղթահարած են լինում հիմնարար քաղաքական խնդիրները։ Դրանք հաղթահարելուց հետո նրանց միջև գոյանում է բարիդրացիական ֆոն և այդ ֆոնի պայմաններում նրանք պայմանավորվում են երկուստեք շահերը հաշվի առնելով՝ իրականացնել սահմանազատում ու սահմանագծում։
Իսկ մեր դեպքում Գորիս-Կապան ճանապարհն անցնում է թշնամուն, Հայաստան մտնող միակ ճանապարհն անցնում է թշնամուն, Շուռնուխ ու Կիրանց գյուղերը երկու կես են լինում, Ոսկեպար գյուղը երկու կողմից պատվում է Ադրբեջանով, Ներքին Հանդ, Խնածախ, Կուտական, Շորժա գյուղերը հայտնվում են հայաթափման վտանգի տակ, Տիգրանաշենն է հայտնվում թուրքերի կողմից գրավման վտանգի տակ։
Այս ամենը վկայում է այն մասին, որ գործ ունենք ոչ թե սահմանազատման ու սահմանագծման հետ, այլ հայկական հողերի հանձնման ու ընդունման ակտ է տեղի ունենում՝ երկու կողմերի Թալեաթի վաստակների միջև»,- ասաց Էդգար Էլբակյանը։