01/07/2024 11:43
Ինչպես դադարեցնել ներքին ենիչերիների վերարտադրությունը. Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է.
«Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթի) պատմությունը սահմռկեցուցիչ է։ Նկարագրածը (ապրածը) «սովորական միտինգային» դրվագ չէ, դա այսօրվա «նոր Հայաստանի» կենսափիլիսոփայությունն է։
Աշոտ Մինասյանը և կարմիրբերետավորները, նույնիսկ եթե եղել են մի գազելում, որպես փակ համակարգ, այնուհանդերձ՝ այլ մոլորակում չեն եղել։ Եվ սա մեկ հոգու պատմություն չէ, այլ՝ շատ շատերինը։
Այս դրվագի և հունիսի 12-ի բոլոր ապօրինությունների բացարձակ պատասխանատուն և մեղավորը իշխանություններն են,
բայց պիտի հասկանանք նաև, թե ինչ մեխանիզմների «շնորհիվ» է իշխանությունը ռիսկ անում նման այլանդակ գործողությունների.
Կարմիր բերետավորներին այդպիսին լինելու և պետության հանդեպ բացառիկ վաստակ ունեցող մարդու վրա (կամ ցանկացած մարդու) հարձակվելու իրավունք տվել են.
680 հազար ՀՀ քաղաքացիները, ովքեր, պատմական աղետից հետո վերընտրելով այս իշխանությանը, այսօր չեն շտապում շտկել իրենց քվեն՝ այսքան ավերից հետո։
Ոստիկանության ղեկավար կազմը, որից որևէ մեկը հրաժարական չտվեց՝ այս և այլ ահավոր պատմություններից հետո։ Չի գտնվում մեկը, որի համար անտանելի կլինի նման միջավայրում աշխատելը։
«Բարեփոխիչները», միջազգային կառույցները, արևմտյան դեսպանատները, որոնք ձայն չեն հանում որևէ վայրագության դեպքում։
Իբր կրթված, իբր մտավորական, իբր հումանիստ մասնագիտական էլիտաները, որոնք «քաղաքականությամբ չեն զբաղվում» ու երկրում կատարվողի մասին կարծիք չունեն։
Անհավանական է թվում, որ անձամբ իրեն պսակադրած Սրբազանին բերետավորը կարող է հայհոյել, բայց նա դա անում է, որովհետև այս երկիրն արդեն 6 տարի է՝ անվերջ հայհոյանք է լսում ու չունի որևէ «ՉԻ կարելի»։ Որտե՞ղ են ձևավորվել այս մարդիկ, ո՞ր միջավայրում, ո՞ր դպրոցում, ո՞ր հասարակությունում։ Ինչքա՞ն կարևոր բաներ ենք տապալել պետականության 30 տարում։
Այս ամենը հնարավոր դարձավ, որովհետև մեր պետության քաղաքացիները զանգվածաբար օտարացավ մեր պետությունից։ Ինչպե՞ս է հնարավոր, որ էն ժողովուրդը, որի համար Աշոտն ամեն կռվի պատրաստ է եղել իր կյանքը դնել, մասսայաբար ապրի գրին քարտի կամ օտարահպատակության երազանքով։ Բա ո՞ւմ համար էր պետությունը, բա էլ ի՞նչ հայրենիք։
Ո՞նց բաց թողեցինք, շուրջ երկու տասնամյակ «արևմտյան մեդրեսեներում» նոր հայի ձևավորումը՝ իբր բարեփոխիչ, իբր լիբերալ, իբր՝ իրավապաշտպան, բայց իրականում՝ հակահայաստանյան ենիչերիների կրթման ու վերապատրաստման պրոցեսը։ Աչքներիս առաջ էին ախր նրանք ուժեղանում, կազմավորվում, մեդիաներ ստանում-ստեղծում, քարոզում, ԱԺ մտնում, որ մի օր էլ նրանց հավաքական ձայնը ասի՝ «Ղարաբաղը մեզ հետ ի՞նչ կապ ունի»։
Աշոտ Մինասյանը խաղաղ ժամանակ զբաղեցրել է պաշտոն, որը շատ ուրիշները կօգտագործեին կարողություն դիզելու համար։ Նա միշտ ապրել է զուսպ ու համեստ՝ չգողանալով իր երկրից։ Աշոտի պես մարտիկներն իրենց մեջ տարիներով պահել են հարցը՝ ինչո՞ւ հաղթած, հերոս, պետություն կառուցած մարդիկ թույլ տվեցին այլանդակ բարքեր, փողի մոլուցք։ Անգամ կարգին, հայրենիքի առաջ վաստակ ունեցող մարդիկ ինչպե՞ս դարձան փողի ու ահռելի հարստության տեր՝ մեր փոքր, աղքատ, Արցախի խնդիր ունեցող երկրում։ Մայրցամաքից մայրցամաք ահռելի- անծայրածիր հարստության ու գույքերի տեր։ Ո՞նց, ինչպե՞ս, ո՞ր իրավունքով։ Ի վերջո, նրանք գերի դարձան այդ հարստությանը, սակայն դրա գերին դարձանք նաև մենք բոլորս, Հայաստանը, Արցախը։
Եթե մենք էս հարցերին չպատասխանենք, չենք հասկանա, թե ինչպես ձևավորվեց այսօրվա անասնական մթնոլորտը, և թե ինչպես փողոցից եկավ գաղափարապես հստակ վարժեցված մի ուժ, որը թքած ունի Արցախի վրա էլ, Հայաստանի վրա էլ։
Փառահեղ հաղթանակով ձևավորված պետությունը ո՞նց կարող էր էսքան անարդար բարքերով զարգանալ։ Ո՞նց։ Վերջում պարզվելու է, որ միակ «ապօրինի գույքը» մեր հայրենիքն էր։
Աշոտի պատմությունից հասարակությունը պիտի պոռթկար։ Հակառակը նորմալ չէ։ Բայց նույն հասարակությունը պատերազմից շաբաթներ անց աղմկոտ քեֆեր էր անում, Արցախի կորստին հանգիստ նայեց։ Ինչո՞ւ պիտի Աշոտի հետ կատարվածից սարսռա, երբ շատերը Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի և մեր մյուս հայրենակիցների գերեվարվելուց ուրախացել էին։
Կարմիրբերետավորը և նրան հրաման տվող իշխանությունները պետք է փոխվեն, բայց պիտի փոխվի նաև նրանց ձևավորող միջավայրը։ Մենք պիտի կարմիր գծեր և ճիշտ ուղենիշներ ունենանք, որ դադարեցնենք ինքնաոչնչացումը»։