01/07/2024 13:17
Տեղի ունեցածը հոգեբանական ազդեցություն է թողնում Բելգորոդի բոլոր բնակիչների վրա. Վաղարշակ Հարությունյան
Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը հուլիսի 1-ին աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Բելգորոդի մարզ։
Այցի ընթացքում Վաղարշակ Հարությունյանը եղել է Բելգորոդ քաղաքում հրթիռակոծության հետևանքով վնասված բնակելի տների տարածքներում։
«Սա դժբախտություն է բազմաթիվ մարդկանց համար. ոչ միայն նրանց համար, որոնք տուժել են, այլև, իմ կարծիքով, ամբողջ քաղաքի բնակիչների, որոնց վրա դեպքն ունեցել է հոգեբանական ազդեցություն։ Այստեղ կարելի է միայն կարեկցանք զգալ ու ցավի ըմբռնում։ Եվ, բնականաբար, ցանկություն, որ այս ամենը օր առաջ ավարտվի»,-լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում նշել է ՌԴ֊ում ՀՀ դեսպանը։
«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այցի ընթացքում նախատեսվում են նաեւ Վաղարշակ Հարությունյանի եւ Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի պաշտոնական, ինչպես նաեւ այլ հանդիպումներ։