01/07/2024 18:47
37-ամյա կինը այլ անձանց խաղային հաշիվներից ու քարտերից 1,6 միլիոն դրամ է հափշտակել ու խաղադրույքներ կատարել
Քննչական կոմիտեից հայտնում են․
«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային հափշտակություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2021 թվականի հոկտեմբերից մինչև 2023 թվականի օգոստոս ընկած ժամանակահատվածում, համակարգչային հափշտակություն կատարելու դիտավորությամբ, շարունակաբար, առանց իրավաչափ հիմքով նախատեսված թույլտվության տվյալներ մուտքագրելու միջոցով, Երևան քաղաքի 37-ամյա բնակչուհին ապօրինի հասանելիություն է ստացել «adjarabet.am» և «totogaming.am» բուքմեյքերական կայքերում գրանցված մի քանի անձանց խաղային հաշիվներին և դրանց կցված բանկային քարտերի հաշիվներից ելքային փոխանցումներ կատարել իր խաղային հաշիվներին՝ այդ կերպ ստանալով դրանք տնօրինելու, օգտագործելու հնարավորություն:
Այնուհետև, խաղադրույքներ կատարելու նպատակով, նա անձանց խաղային հաշիվներից գումարներ է ելքագրել՝ այդ կերպ քաղաքացիներին պատճառելով գույքային վնաս:
Նախաքննության տվյալներով՝ վերոհիշյալ եղանակով քաղաքացիներից հափշտակված գումարի չափն ընդհանուր առմամբ կազմում է 1.665.400 ՀՀ դրամ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 37-ամյա կնոջը մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Քաղաքացիներին պատճառված վնասը, նախաքննության ընթացքում, մասնակիորեն փոխհատուցվել է:
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար»: