01/07/2024 12:31
Մաքսային հսկողությունից թաքցված 100-ից ավելի բջջային հեռախոսների ներկրման փորձը ՀՀ կանխվել է
ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը շարունակում է անզիջում պայքարը ՀՀ պետական սահմանով ապրանքերի անօրինական տեղափոխման դեպքերի բացահայտման ուղղությամբ:
Օրերս «Բագրատաշեն» անցման կետ է ժամանել ՌԴ քաղաքացի Ա.Մ.-ի վարած թեթև մարդատար տարանսպորտային միջոցը։ Մուտքի շվաքարանի տակ` մաքսային հսկողության գոտում, մաքսային ծառայողի հարցին՝ արդյոք մեքենայում առկա են հայտարարագրման ենթակա ապրանքներ, վարորդը պատասխանել է՝ առկա չեն: Մաքսային ծառայողների մոտ սակայն կասկածներ են առաջացել, և տրանսպորտային միջոցն ուղեկցվել է խորը զննման անգար: Ավտոմեքենան ենթարկվել է մաքսային տեսազննման և զննման, ինչի արդյունքում մեքենայի հետևի նստատեղից դեպի բեռնախցիկ ընկած հատվածի արանքում` հատուկ պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է «REDMI», և «SAMSUNG GALAXY» մոդելների 109 բջջային հեռախոս:
Մաքսային ծառայողների կողմից դեպքի կապակցությամբ հարուցվել է համապատասխան վարչական վարույթ: Մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ հանդիսացող բեռն ի պահ է վերցվել: Արարքն իր մեջ պարունակում է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313-րդ հոդվածով նախատեսված հատկանիշներ: