02/07/2024 19:39
Բուխարեստի «Դինամո»-ից հայկական «Նոա» է տեղափոխվել պորտուգալացի հարձակվող Գոնսալո Գրեգորիոն
Հայաստանի փոխչեմպիոն «Նոա»-ին է միացել պորտուգալացի հարձակվող Գոնսալո Գրեգորիոն։ Այդ մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից։
Գրեգորիոն կարիերայի մեծ մասն անցկացրել է հայրենիքում։ «Բելենենսեշի» պատանեկան թիմերում խաղալուց հետո համալրել է գլխավոր թիմի կազմը, այնուհետև խաղացել է «Կասա Պիայում», «Լեյշոեշում», «Վիլաֆրանկենսեում», «Պասուշ Ֆերեյրայում»։ 29-ամյա ֆուտբոլիստը «Նոա» է տեղափոխվել Բուխարեստի «Դինամո»-ից, որի կազմում անցկացրած 41 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ։
«Ես այստեղ եմ, որպեսզի նվաճեմ ամեն ինչ: Մենք ցանկանում ենք «Նոա»-ին նոր հարթություն տեղափոխել»,-ասել է թիմի նորեկը:
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Նոա»-ն կմրցի հյուսիսմակեդոնական «Շկենդիայի» հետ։ Առաջին խաղը կկայանա Աբովյանում՝ հուլիսի 11-ին։