03/07/2024 20:02
Վիտամին-միներալային հավելումները փոքրիկի իմունիտետը չեն բարձրացնում, ամենակարևորը առողջ սնունդն է. Մանկաբույժ
Երեխաները կարիք ունեն բազմապիսի վիտամիննների և միներալների, որոնք կապահովեն նրանց աճը, զարգացումը և առողջության որակը:
Հիմնական վիտամինները, որոնց կարիքը զգում է աճող երեխայի օրգանիզմը, վիտամին A, B, C, E, K է: «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկաբուժության թիվ 2 կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Մարի Դարակչյանը նշում է, որ միներալներից առանձնապես կարևոր են կալցիումը, երկաթը, յոդը և ցինկը:
Մանկաբույժն ընդգծում է, որ վիտամինները և միներալները լավագույնս յուրացվում են օրգանիզմի կողմից և լավագույնս անվտանգ հարաբերակցության մեջ են գտնվում սննդի հետ:
Հետևապես սննդի 5 հիմնական խմբերը պետք է ներառել երեխայի ամենօրյա սննդակարգում, և դա կապահովի վիտամինների և միներալների բավարար քանակ երեխաների մոտ:
Սննդի հիմնական 5 խմբերը ներառում են մրգեր, բանջարեղեն, հատիկեղեն, սպիտակուցային սնունդ և կաթնամթերթ: Կարևորագույն սննդամթերքներին են պատկանում միսը, ձկնեղենը, հավը, ձուն, տարատեսակ լոբազգիները: Պետք չէ մոռանալ նաև ընդեղենի մասին: Վիտամինները լինում են ճարպալույծ և ջրալույծ:
Վիտամին A մեր օրգանիզմը կարող է ստանալ կաթից, մսից ձվից ինչպես նաև բոլոր այն մթերքներից, որոնց մեջ վերջինս ավելացված է նպատակային՝ կաթ, հյութեր: Այս վիտամինի կարևորությունն այն է, որ այն ապահովում է նորմալ տեսողություն, առողջ մաշկ, լավ զարգացում և առողջ իմունային ֆունկցիա:
B խմբի վիտամինները կազմում են մեծ խումբ` ներառելով հետևյալ վիտամինները՝ B1, B3, B6, B12:
B1-թիամին, պարունակվում է ձկնեղենում, մսեղենում, ինչպես նաև բոլոր այն մթերքներում, որտեղ մենք ունենք թթխմորով պրոցեսներ: Այն օգնում է ստանալ էներգիա սննդամթերիքից, ինչպես նաև ապահովում նյարդային համակարգի և մկանային համակարգի ճիշտ աշխատանքը:
Վիտամին B3-ն օգնում է ստանալ էներգիա սննդից, և պարունակվում է մսում, ձկնեղենում, ընդեղենում:
B6-պիրիդոքսին առկա է վերոթվարկյալ սննդամթերում գումարած զանազան բանջարեղեններ: Օգնում է, որպեսզի ստանանք էներգիա սպիտակուցներից, բացի դրանից նպաստում է էրիթրոցիտների արտադրմանը, ուղեղի նորմալ գործունեությանը:
B-12 կամ կոբալամին: Մենք ստանում ենք հիմնականում այն մթերքներից, որոնք կենդանական են. միսը, ձուն, ձուկը և կաթը: Այն օգնում է էրիթրոցիտների նորմալ արտադրությանը, աճին, շատ կարևոր ազդեցություն ունի կենտրոնական նյարդային համակարգի մելինիզացիոն պրոցեսների համար:
Վիտամին C ստանում ենք մրգերից՝ ցիրտուսային մրգեր, կիվի, բանջարեղեններից՝ կարտոֆիլ: Որոշակի դեր ու նշանակություն ունի ինֆեկցիաների դեմ պայքարի ժամանակ, նպաստում է երկաթի նորմալ ներծծմանը: Առողջ է պահում ատամները, ոսկրերը և լնդերը: Կարող ենք կորցնել օգտակարությունը եփելու դեպքում:
Վիտամին D-ի մասին շատ է խոսվում, սինթեզվում է արևի անմիջական ճառագայթների ներքո կամ կարող ենք ստանալ ձկից, ձկան լյարդի յուղից, դեղնուցից, սնկից, կարագից կամ մարգարինից, ոսկրերի առողջությանն ու կալցիումի ներծծմանն է նպաստում:
Վիտամին E-ն ստանում ենք արևաձաղկից, կանոլայի յուղերից, ընդեղենից, որոշակի տեսակի կորիզներից: Օգնում է իմուն համակարգին ճիշտ աշխատել, նպաստում է առողջ մաշկի և աչքերի ֆունկցիային:
Վիտամին K-ի դերը շատ կարևոր է կյանքի առաջին օրերին և առաջին ամսվա ընթացքում, այն մեր մակարդիչ համակարգի կարևոր մասնիկն է: Առկա է կանաչ տերևներով բանջարեղենների մեջ` բրոկոլի, սպանախ, ինչպես նաև ձվում և լոբազգիներում:
Հայաստանում բոլոր նորածինները ստանում են վիտամին K-ի միջմկանային ներարկում կյանքի առաջին ժամերին:
Բժիշկը շեշտում է՝ տալով երեխաներին վիտամիներալային հավելումներ՝ փոքրիկի իմունիտետը չի բարձրանում, ամենակարևորն այն է, որ նա ստանա լիարժեք սնունդ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն