03/07/2024 11:38
ՀՀ-ն աշխատում է բարձրացնել իր դիմակայունությունը՝ կարևորելով դիվերսիֆիկացիան. հաստատվել է համապարփակ անվտանգության և պաշտպանության համակարգը. ԱԽ քարտուղար
Անվտանգության խորհուրդը հաստատել է համապարփակ անվտանգության և պաշտպանության համակարգի հայեցակարգը, և այժմ մենք աշխատում ենք գործողությունների պլանի վրա. «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. մարտահրավերները և հնարավորությունները» թեմայով համաժողովին տեղեկացրեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Ըստ նրա՝ նման եզրահանգման եկել են դիվերսիֆիկացիայի, ժողովրդավարության, գործընկերության և խաղաղության ուղղությամբ աշխատանքների արդյունքում։
«ՀՀ-ն վերջին տարիներին աշխատում է իր դիմակայունությունը բարձրացնելու վրա և դիմակայունության կոնտեքստում մենք շատ ենք կարևորում դիվերսիֆիկացիան՝ զանազանեցում տնտեսության մեջ, զանազանեցում անվտնագության մեջ»,-ասաց նա։
Գրիգորյանը նշեց, որ դիմակայունության առումով կարևոր են համարում ժողովրդավարական ընտրությունները։ «Մենք խորը համոզմունք ունենք, որ ժողովրդավարությունը միանշանակ բարձրացնում է ՀՀ-ի դիմակայունությունը։ Ժողովրդավարությունը կարևոր է ներքին անվտանգության տեսանկյունից»,-ասաց նա։
ԱԽ քարտուղարը նշեց, որ բարեփոխումները և տնտեսական արդյունքները բերում են ավելի շատ ռեսուրսների հնարավորության և այդ ռեսուրսների ներդրմանն՝ անվտանգության ոլորտում․ «Դա կլինի զենքի ձեռքբերում, թե նոր տեխնոլոգիանների ձեռքբերում, նաև կարողությունների առումով»։
Դիմակայունության տեսանկյունից նա կարևորեց նաև գործընկերության ամրպանդումը ԵՄ-ի և ԵՄ անդամ պետությունների հետ։ «Գործընկերությունը բարձրացնում է ՀՀ-ի դիմակայունությունը և դա ևս կարող ենք դիտարկել դիվեսիֆիկացիայի տեսակետից՝ ՀՀ-ն որքան շատ գործընկեր ունենա, որոնք կաջակցեն ՀՀ-ի բարեփոխումներին, կամրապնդեն տնտեսական համագործակցությունը, այնքան ավելի դիմակայուն է լինելու»,-ասաց նա։
Դիմակայունության տեսակետից Արմեն Գրիգորյանը նաև կարևորեց խաղաղությունը։ «Մենք համոզմունք ունենք, որ տարածաշրջանում խաղաղությունն ամրապնդում է ՀՀ-ի դիմակայունությունը, նոր հնարավորություն է բացում ՀՀ-ի համար և մենք շարունակելու ենք աշխատել խաղաղության օրակարգի շուրջ»,-ասաց նա։