03/07/2024 17:11
Զինծառայող Թոռնիկ Սարգսյանի ընտանիքը չի հավատում, որ հունիսի 21-ին հայկական կողմին փոխանցված մասունքներն իրենց որդունն են. ցանկանում են դիմել կրկնակի փորձաքննության
Անհետ կորած համարվող 19-ամյա ժամկետային զինծառայող Թոռնիկ Սարգսյանի ընտանիքը չի հավատում, որ հունիսի 21-ին հայկական կողմին փոխանցված մասունքներից մեկն իրենց որդունն է: Այդ մասին News.am-ի հետ զրույցում ասել են զինծառայողի հարազատները:
Ընտանիքը ցանկանում է դիմել կրկնակի փորձաքննություն իրականացնելու համար: Թե ինչու՞ հարազատաները չեն ընդունում փորձաքննության արդյունքները, դեռևս չեն պարզաբանում.
«Ծնողները չեն հավատում, որ դա իրենց որդին է, նրանք կարծում են, որ իրենց որդին ողջ է»:
Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն հունիսի 21-ին տեղեկացրել էր, որ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել զոհված 2 հայ զինծառայողի դիակ-մասունքներ, նրանք ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան մարտական գործողությունների ժամանակ զոհվածներ են։ ՔԿ-ն էլ երեկ հայտնեց, որ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով գտնվելու վայրն անհայտ երկու զինծառայողների ինքնությունները պարզվել են։ Մինչև այժմ անհետ կորած էին համարվում 19-ամյա ժամկետային Թոռնիկ Սարգսյանն ու 33-ամյա պայմանագրային Շիրազ Խաչատրյանը։