03/07/2024 21:38
Ինչ ֆիլմեր կներկայացվեն «Ոսկե ծիրան»-ում
ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի հետ համագործակցությամբ հայ հանդիսատեսը «Ոսկե ծիրան» երևանյան փառատոնին կվայելի նորագույն ֆրանսիական կինոյի ընտրանին։ Այդ մասին տեղեկացնում են «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մամուլի գրասենյակից։
Կներկայացվեն Բերտրան Բոնելլոյի «Գազանը», Դավիդ Բոարետոյի «Ապրիլը Ֆրանսիայում», Ալեքսի Պազումյանի «Սև այգի», Կատիա Կիրակոսյանի «Միսաք և Մելինե Մանուշյաններ» ֆիլմերը։ Իսկ հուլիսի 10-ին «Ֆրանսիական կինոյի օր» ավանդական միջոցառմանը կցուցադրվի այս տարվա Բեռլինի կինոփառատոնում «Ոսկե արջ»-ին արժանացած Մատի Դիոպի «Դահոմե» ֆիլմը։
Երևանում Գյոթե կենտրոնի հետ համատեղ կիրականացվի «Արտադրված է Գերմանիայում» ծրագիրը։ «Երևանյան պրեմիերաներ» ծրագրում կցուցադրվեն Անդռեաս Դրեզենի «Հիլդեից՝ սիրով», Սևերին Ֆիալայի և Վերոնիկա Ֆրանցի «Դիվային լոգանքը», Վիկտոր Կոսակովսկու «Արխիտեկտոն», Ավիվա Բարխուդարյանի «Վիգենը, Բեռլինը և Սառը պատերազմը» ֆիլմերը։ Բացի այդ, գերմանական և գերմանական համաարտադրությամբ նկարահանված Նոազ Դեշեի «Քսովտեքս», Ֆարազ Ֆեշարաքիի «Ի՞նչ երազ ես տեսել անցած գիշեր, Փարաջանով», Նաֆիս Ֆաթոլլահզադե «Խաբուր» ֆիլմերն ընդգրկված են միջազգային և տարածաշրջանային մրցույթում։