04/07/2024 16:30
Կարմիր սարը հանք դարձնելու համար հանրային լսումները փաստացի կեղծվել են, համայնքին խորհուրդ եմ տալիս դիմել դատախազություն
«Կանաչ Հայաստան» ՀԿ-ի նախագահ Թեհմինե Ենոքյանը կոչ է անում Կարմիր սարի տարածքում հանքարդյունաբերություն սկսելու նպատակով հանրային լսումները փաստացի կեղծելու համար դատի տալ մի քանի հանքարդյունահանողների։
Նշենք, որ Կարմիր սարը, ունենալով կրաքարի պաշարներ, հայտնվել է միաժամանակ մի քանի հանքարդյունահանողների ուշադրության թիրախում՝ «ՄԼ մայնինգ» ՍՊԸ, «ԴԻԳԸՆԴԻԳ» ՍՊԸ, «ԳՌԱՆՈՒԼՍ» ՍՊԸ, «ՕՐԴ» ՍՊԸ, «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ։ Վերջինս նախատեսում է Վեդիի վարչական տարածքում ցեմենտի գործարանի կառուցում, որից տուժելու են բարձրարժեք գյուղատնտեսությամբ հայտնի մի քանի գյուղեր՝ Այգեզարդ, Քաղցրաշեն, Գինեվետ, Նոր ուղի գյուղերը։
«Հանրային լսումները տեսնում ենք, թե ինչ մակարդակով են կազմակերպվում։ Տեսնում ենք, որ հանրային լսումները փաստացի կեղծվել են, համայնքին խորհուրդ եմ տալիս միասին եկեք դիմենք դատախազություն, թող քրեական գործ հարուցվի»,- ասուլիսին հայտարարեց նա։
Ըստ նրա, սա ևս մեկ անգամ փաստում է, որ ՀՀ-ում ՀՀ քաղաքացու ձայնը լսելի չէ։
Նշենք, որ Այգեզարդ գյուղի բնակիչները հանրագիր են ներկայացրել 2300 ստորագրությամբ՝ Կարմիր սարում հանքարդյունահանման դեմ։