04/07/2024 17:09
Խաղաղ հավաքի մասնակիցների ուղղությամբ ոստիկանների կողմից լուսաձայնային նռնակներ կիրառելու հետևանքով ձեռքերի լուրջ վնասվածքներ ստացած Եսայի Քարամյանին երրորդ անգամ են վիրահատել
Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ խաղաղ հավաքի մասնակիցների ուղղությամբ ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակներ կիրառեելու հետևանքով երկու ձեռքերի շատ լուրջ վնասվածքներ ստացած Եսայի Քարամյանին երրորդ անգամ են վիրահատել։ Տեղեկությունը «Ֆեյսբուքում» հայտնել է նրա կինը` Նաիրա Սահակյանը․
«Այսօր Եսայու երրորդ վիրահատությունը արեցին։
Բժիշկների գնահատմամբ հաջող է անցել։ Ազդրի մաշկից փոխպատվաստել են ձեռքի բաց հատվածներին։ Վիրակապը բացվելու է հինգ օրից։ Հուսով ենք` ամեն ինչ հաջող կանցնի և նոր վիրահատությունների կարիք չի զգացվի։
Բժիշկների հոգատարությունը ու պրոֆեսիոնալիզմը մեծ գնահատանքի է արժանի։ Լևոն Արարատի Բաղդասարյանը, Ալեքսանդր Նիկոլայի Կրասնիկովը, Սիրարփի Պողոսյանը, Ալբերտ Առաքելյանը և մյուս բժիշկներն իրենց գործի վարպետներն են։ Շնորհակալ ենք, որ ձգտեցիք անհնարինը հնարավոր դարձնել։
Նաև հրաշալի է տեսնել, որ երիտասարդ բժիշկները հետ չեն մնում փորձառուներից։
Երիտասարդ բժիշկների այս սերունդը շատ մեծ փորձ է հասցրել կուտակել։ Ցավոք սրտի, այդ փորձի մի մեծ մասը կուտակվել է պատերազմի ու Արցախի հայաթափման ժամանակ պայթյունից վիրավորներին օգնություն ցուցաբերելու ժամանակ»։