![Անհետ կորածների ու գերեվարվածների ընտանիքները կշարունակեն սոցիալական աջակցություն ստանալ](https://www.aysor.am/news_images/767/2300440_1/l_0x0wh_786x458z_1_v4_thumb.thumb.jpg)
04/07/2024 16:23
Անհետ կորածների ու գերեվարվածների ընտանիքները կշարունակեն սոցիալական աջակցություն ստանալ
Կառավարությունն ընդունել է որոշում՝ պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու նպատակով:
Ըստ այդմ՝ 6.6 մլն դրամ կհատկացվի մայիս և հունիս ամիսներին 11 անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) անձանց ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու համար։
Մեկ այլ որոշմամբ էլ գումար կհատկացվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար:
Հիմնավորման համաձայն՝ ամենամսյա դրամական վճարը՝ 300.000 դրամ, վճարվել է մինչև հունիս ամիսը ներառյալ: Ըստ այդմ՝ շահառու հանդիսացող թվով 23 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման ֆինանսական հաշվարկը հուլիս-օգոստոս ամիսների համար կազմում է 13.800.000 դրամ:
Անհրաժեշտ միջոցները նախատեսվում է ներգրավել պետբյուջեով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխումների հաշվին: