04/07/2024 09:48
«Հրապարակ». Ինչու են իշխանությունները կրկին ակտիվացրել այցերը դեպի Ռուսաստան
«Հրապարակ» թերթը գրում է. «Տևական բոյկոտից հետո իշխանությունները կրկին ակտիվացրել են Ռուսաստան այցերը։ Հուլիսի 4-6-ն ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՌԴ Վոլոգդայի մարզի Չերեպովեց քաղաք` աշխատանքային այցով։ Պատվիրակության կազմում են նաև ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Սանդիկովը, ինչպես նաև ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Սոֆյա Մնացականյանը։
Նկատենք, որ Ալեն Սիմոնյանը տևական ժամանակ է՝ շրջագայում է միայն արևմտյան երկրներում, իր հակառուսական հայտարարությունների պատճառով թերևս անցանկալի պաշտոնյա է համարվում ՌԴ-ում, ինքն ու Մարիա Զախարովան հեռակա ռմբահարում են միմյանց, և գուցե ինքն էլ է խուսափում Ռուսաստան մեկնելուց, ուստի վերջին շրջանում Ռուսաստան գործուղումների և ռուսական շրջանակների հետ հանդիպումներին մասնակցում է Հակոբ Արշակյանը»։