04/07/2024 11:34
Գեղարքունիքի մարզպետը շնորհակալագիր է հանձնել ադրբեջանցուն հաղթած 16-ամյա Սիմոնին
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել և ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով է խրախուսել Մարտունու Սմբատ Մհերյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի սան, բռնցքամարտի եվրոպայի չեմպիոն, 48 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր 16-ամյա Սիմոն Սիմոնյանին (Ծովինար), նրա մարզիչներ՝ Գագիկ Սարգսյանին և Գևորգ Սարգսյանին, Սևանի Նորիկ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի սան, ծանրամարտի աշխարհի առաջնության 61 կիլոգրամ քաշային կարգում ոսկե մեդալակիր Հովհաննես Հովհաննիսյանին, ծանրամարտի 71 կիլոգրամ քաշային կարգում բրոնզե մեդալակիր Ալինա Սուքիասյանին և նրանց մարզիչ՝ Գառնիկ Աբրահամյանին, Նորատուսից եվրոպայի պարաբազկամարտի առաջնության 65 կիլոգրամ քաշային կարգում ոսկե մեդալակիր, եվրոպայի չեմպիոն Գուրգեն Անտոնյանին։
Սարգսյանը կարևորել է Գեղարքունիքի մարզական կյանքում նման հաղթանակների գրանցումը, ինչը վարակիչ օրինակ և լուրջ խթան կարող է հանդիսանալ մարզասերների շրջանում սպորտի մասսայականացման գործում։
Պատանի մարզիկները և նրանց մարզիչները խոսել են իրենց մարզումների, հաջողությունների, հեռանկարային ծրագրերի մասին՝ հրատապ համարելով իրենց մարզասրահներում հատկապես մարզական գույքի թարմացման խնդիրը։
«Պատրաստակամ եմ աջակցել խմբակներին՝ անհրաժեշտ գույքի ձեռքբերման հարցում և տեղեկացնեմ, որ պետական աջակցությամբ առաջիկայում նախատեսվում է մարզի բոլոր խոշորացված համայնքային կենտրոններում կառուցել նոր մարզադահլիճներ և դրանք ապահովել ժամանակակից բոլոր պայմաններով։
Շնորհավորում եմ մարզիկներին և նրանց մարզիչներին՝ ձեռք բերած հաղթանակների համար, մաղթում նորանոր հաջողություններ ու հաղթանակներ մարզական և անձնական կյանքում»,- նշել է Գեղարքունիքի մարզպետը։