04/07/2024 15:37
Այգեզարդ hամայնքի բնակիչների 98%-ից ավելին դեմ է Կարմիր սարը ցեմենտի հանքավայրի վերածելուն. Նախաձեռնող խմբի համակարգող
Կարմիր սարը, որն ունի կրաքարի պաշարներ, մտադիր են ցեմենտի հանքավայրի վերածել, որից տուժելու են բարձրարժեք գյուղատնտեսությամբ հայտնի մի քանի գյուղեր՝ Այգեզարդ, Քաղցրաշեն, Գինեվետ, Նոր ուղի գյուղերը. ահազանգում են տեղի բնակիչներն ու բնապահպանները։
Այգեզարդ գյուղի նախաձեռնող խմբի համակարգող Արփինե Խաչատրյանը Մեդիա կենտրոնում «Արարատի մարզի բնակիչներն ընդդեմ վնասակար հանքարդյունաբերության» թեմայով հրավիրված ասուլիսին նշեց, որ Գինեվետ և Այգեզարդ բնակավայրերն անմիջապես գտնվում են սարի ստորոտում և հատկապես այս գյուղերն են հավասարաչափ վնասները կրելու։
Նշենք, որ Կարմիր սարը հայտնվել է միաժամանակ մի քանի հանքարդյունահանողների ուշադրության թիրախում՝ «ՄԼ մայնինգ» ՍՊԸ, «ԴԻԳԸՆԴԻԳ» ՍՊԸ, «ԳՌԱՆՈՒԼՍ» ՍՊԸ, «ՕՐԴ» ՍՊԸ, «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ։ Վերջինս նախատեսում է Վեդիի վարչական տարածքում ցեմենտի գործարանի կառուցում։
Կարմիր սարում կան Կարմիր գրքում գրանցված բույսեր և կենդանիներ, որոնց առկայության դեպքում արգելվում է հանքարդյունաբերության իրականացումը։
Արփինե Խաչատրյանը նշեց, որ տեղի բնակչության 98 տոկոսից ավելին փաստացի դեմ է հանքի բացվելուն և դրա մասին է վկայում 2300 ստորագրությունը։
«Այգեզարդի վարչական տարածքում հանքարդյունաբերության հայտ էր ներկայացրել «ԴԻԳԸՆԴԻԳ» ՍՊԸ-ն, որի դեպքում ևս իրազեկումը ոչ պատշաճ կերպով է տեղի ունեցել։ Երրորդ լսման օրը երկու ժամ առաջ ենք իմացել հանրային լսման մասին, և հապճեպ եմ մասնակցել։ Դրանից հետո սկսել ենք մեր պայքարի գործողությունները, իրականացրել ենք ստորագրահավաք։ Համայնքում փաստացի բնակվող բնակիչների 98 տոկոսից ավելին դեմ է․ 2300 ստորագրություն ենք հավաքել։ Բացարձակ մեծամասնությունը դեմ է հանքարդյունաբերության գործընթացին»,-ասաց նա։
Տեղի բնակիչը նշեց, որ նյութերն ուսումնասիրելիս պատահաբար Շրջակա միջավայրի նախարարության կայքում բացահայտել է, որ այդ սարում հանք բացելու մտադրություն ունեն ևս մի քանի կազմակերպություն՝ այդ թվում «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն, որը 3 հանրային լսում է իբրև անցկացրել, բայց գյուղից որևէ մեկը չի մասնակացել, թեև վերջում նշված է, որ համայնքը կողմ է հանքավայրին։