05/07/2024 12:04
Global Business Forum. «Մանթաշյանց» ակումբը դարձյալ համախմբել է գործարարներին՝ աշխարհի տարբեր երկրներից․ Լուսանկարներ (Տեսանյութ)
Հուլիսի 1-ից Երևանում մեկնարկել է աշխարհի հայալեզու ամենամեծ բիզնես ցանցի՝ «Մանթաշյանց» գործարարների ակումբի ամենամյա Global Business Forum-ը։
Ֆորումի աշխատանքների շրջանակում մի քանի օր շարունակ աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան ժամանած հայ գործարարները մասնակցում են քննարկումների, բիզնես այցերի, Network ձևաչափով հանդիպումների։
Հանդիպումները միայն մայրաքաղաքով չեն սահմանափակվում, դրանք տեղի են ունենում նաև Վանաձորում, Գյումրիում և Դիլիջանում։
7 օր տևող ֆորումի շրջանակում Հայաստանում են գործարարներ Լոս Անջելեսից, Շենժենից, Մեծ Բրիտանիայից, Համբուրգից, Ալմաթիից, Մոսկվայից, Դոնի Ռոստովից, Վոլգոգրադից, Սոչիից, Կրասնոդարից, Ջավախքից, Թբիլիսիից։
Հայաստանում են նաև չինացի գործարարներ, ովքեր այս օրերի ընթացքում հայ գործարարների հետ կմեկնարկեն համագործակցությունների նոր էտապ։
«Մանթաշյանց» գործարարների ակումբի համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանի խոսքով, որևէ ձևաչափով բան պլանավորելիս կենտրոնանում են այն հանգամանքի վրա, թե ինչով կարող են օգտակար լինել, որ բիզնեսն աճի։
«Այսօրվա քննարկման նպատակն այն է, որ բիզնեսն աճի գիտելիքի տեսանկյունից, այսինքն՝ տարբեր երկրների մեծ բիզնեսների փորձից ինչ-որ բան կարողանանք վերցնել»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց Վահրամ Միրաքյանը։
«Մանթաշյանց» գործարարների ակումբի անդամները վերջին մեկ տարվա ընթացքում ավելացել են շուրջ 200-ով, այս պահին 600-ից ավելի ակումբական կա։ Աշխարհագրությունը ևս մեծանում է։
«Այս տարվա ընթացքում կհասնենք 25-30 քաղաքի՝ աշխարհի տարբեր երկրներում։ Հուսամ, մինչև տարեվերջ ակումբականների թիվը կհասնի մինչև 1000-ի»,- նշեց Վահրամ Միրաքյանը։
«Այբ» հիմնադրամի համահիմնադիր և Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը, ով ֆորումի բանախոսներից է, համոզված է, որ Հայաստանի ապագան գիտելիքահեն տնտեսությունն է.
«Մենք կարող ենք հաջողել միայն այն դեպքում, եթե մեր ընկերություններում կարողանանք ստեղծել միջավայր, որտեղ բոլորն անընդհատ կսովորեն՝ գրքերից, մրցակիցներից, գործընկերներից, միջավայրից, որպեսզի դառնան աշխարհի լավագույնը։ Մենք ուրիշ տարբերակ չունենք, եթե մենք չեղանք աշխարհի առաջատար երկրներից մեկը՝ այն է, ունենալ տնտեսվարողներ, որոնք աշխարհում առաջատար են, նշանակում է՝ այս ագրեսիվ միջավայրում շանս չունենք»։
«Big projects» ընկերության համահիմնադիր Դիանա Հարոյանի պնդմամբ, ինչքան էլ թվային աշխարհը զարգանա, միևնույն է՝ ֆիզիկական շփման կարևորությունն անփոխարինելի է.
«Ինչքան էլ խոսում ենք թվային աշխարհի մասին և նշում, թե չկա տարածություն ու հեռավորություն, յուրաքանչյուր անգամ, երբ ֆիզիկապես հանդիպում ենք մեր պոտենցիալ գործընկերներին, գործարքների հավանականությունը կտրուկ բարձրանում է»,- ասաց Դիանա Հարոյանը։
Ի դեպ, Հարոյանը տեղեկացրեց նաև, որ աշնանն առաջին անգամ կազմակերպվելու է «Մանթաշյանց Գլոբալ էքսպո-2024»-ը, այն տեղի կունենա հոկտեմբերի 18-19-ին՝ Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնում։
«Ցուցահանդեսի նպատակն է մեկ հարթակում հավաքել և համախմբել ոչ թե «Մանթաշյանց» գործարարների միության անդամներին, այլ այդ անդամների բիզնեսներին, թիմերին՝ ամբողջ աշխարհից։ Ցուցահանդեսին կարող են մասնակցել միայն ակումբին անդամակցող ընկերությունները, բայց որպես այցելուներ ներառվելու են հասարակության բոլոր շերտերը, որոնք այս կամ այն կերպ նպաստում են Հայաստանում և Հայաստանից դուրս բիզնեսի զարգացմանը»,-նշեց Դիանա Հարոյանը։
Global Business Forum-ը շարունակվելու է մինչ հուլիսի 7-ը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։